HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատերազմից հետո Սյունիքում եղել են «հողային զանգվածների շարժեր», որոնց ծավալները վերջնական գնահատված չեն

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմից հետո հողատարածքներին և արոտավայրերին առնչվող հարցեր առաջացել են Տեղ, Գորիս, Կապան համայնքներին հարող վիճահարույց տարածքներում: Նշված տարածքներում, հողային զանգվածների շարժի ծավալները ներկայում հնարավոր չէ վերջնական գնահատել, իսկ տեղեկատվությունը պարունակում է գաղտնիության տարրեր և հրապարակման ենթակա չէ: Այս մասին «Հետք»-ին փոխանցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. հունվարի 15-ի թիվ 23-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբից, որը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը

Հիշեցնենք, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծվել է, որպեսզի համակարգի 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ի Հայաստանի Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատանքային խմբի կողմից անցկացվել է 5 նիստ, որից 2-ը՝ Երևանում, մեկական՝ Կապանում, Տեղում և Գորայքում: Նիստերի ընթացքում աշխատանքային խմբին ներկայացվել են նոր բնագծերը, պաշտպանության կազմակերպման հարցերը, դրանց ընթացքը: Սակայն, աշխատանքային խմբից հայտնում են, որ մանրամասները գաղտնի են, և ենթակա չեն քննարկման:

Քննարկվել են Սյունիքի մարզում ռազմավարական նշանակություն ունեցող այլ ճանապարհների կառուցման կամ նորոգման հարցեր:

«Այդ ուղղությամբ ներկայում մասնագիտական խմբի կողմից տեղանքում ուսումնասիրվում են այլընտրանքային ճանապարհների ծրագծերի հնարավոր տարբերակները, կատարվում են անհրաժեշտ հստակեցումներ և չափագրումներ»,-տեղեկացնում են աշխատանքային խմբից:

Վերջինս կարևոր է համարում նաև Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի պահպանությունն իրականացնող աշխատակիցներին զենք կրելու իրավունք վերապահելը: Պատճառն այն է, որ ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող 7 տարածքներից 5-ը սահմանակից են մի կողմից Ադրբեջանին, մյուս կողմից՝ Նախիջևանին:

Զենք կրելու թույլտվություն նախատեսում են տալ նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի և Սյունքի անտառտնտեսությունների աշխատակիցներին:

Աշխատանքային խումբ առաջնահերթ է համարում նաև բնակչությանը թափուկ վառելափայտի տրամադրման հարցը: Առաջիկայում նախատեսվում է կատարել թափուկի հաշվառում: Ֆինանսական միջոցների ու համապատասխան տեխնիկայի առկայության դեպքում թափուկը դուրս կբերվի անտառից և կտրամադրվի Սյունիքի մարզի անտառամերձ համայնքների բնակիչներին:

2020թ, ընթացքում հանրապետությունում տրամադրվել է շուրջ 71.8 հազար խորանարդ մետր պահեստային թափուկ վառելափայտ: Դրանից հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սիսիանի անտառտնտեսության կողմից բնակչությանը հատկացվել է 61,6 խմ, Սյունիքի անտառնտեսության կողմից՝ 916  խմ: Իսկ Կապանի անտառտնտեսությունը նշված ժամանակահատվածում թափուկի տրամադրում չի իրականացրել:

Գործունեության ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է նաև այլ հարցեր, որոնցից են՝ Որոտան և Շուռնուխ բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնության հատկացման հարցը: Քննարկման առարկա է դարձել նաև Սյունիքի մի շարք համայնքներին սահմանամերձի կարգավիճակ տալու և այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter