HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսլանդիայում 800 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը

Մարտի 19-ի երեկոյան Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում 800 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։ Այն գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կիլոմետր հեռավորության վրա։ 

Reuters-ի տվյալներով՝ ժայթքման վայրում ձևավորվել է 500-700 մետր երկարությամբ ճեղք, որտեղից արտահոսում է մինչև 100 մետր բարձրություն ունեցող լավան։ Ճայթքման առաջին ժամերի ընթացքում լավան տարածվել է գրեթե 1 քառակուսի կիլոմետր տարածության վրա, ինչը համարժեք է մոտ 200 ֆուտբոլային մարզադաշտի։  

Այս շրջանում հրաբխային ակտիվություն չի նկատվել 12-րդ դարից սկսած։ Ժայթքմանը նախորդել է ավելի քան 40 000 մանր երկրաշարժերի շղթա, որոնք վերջին չորս շաբաթների ընթացքում գրանցվել են Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում։ 

Իսլանդիայի օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ հրաբխի ժայթքումը բնակչության և ենթակառուցվածների համար վտանգ չի ներկայացնում։ Իսլանդիայի իշխանությունները չեն փակել մայրաքաղաքում տեղակայված երկրի միակ օդանավակայանը՝ Կեֆլավիկը։ Յուրաքանչյուր ավիաընկերություն ինքնուրույն կորոշի թռիչքների իրականացման հարցը։ Հրաբխի ժայթքման շրջանում ավիահաղորդակցության ուշացումների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվել։ 

2010 թվականի գարնանը Իսլանդիայի հարավում տեղի է ունեցել Էյաֆյաթլայոքուլ հրաբխի հզոր ժայթքումը, որի պատճառով ապրիլ-մայիս ամիսներին Հյուսիսային Եվրոպայում դադարեցվել էր ավիահաղորդակցությունը։ Թռիչքների չեղարկման պատճառով ավիաընկերությունները կորցրել են առնվազն 200 միլիոն դոլար։

Լուսանկարը՝ grapevine.is-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter