HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն կուտակել է անհուսալի դեբիտորական պարտքեր 

Երեխայի բնակության վայրը որոշելու, խնամքն ու դաստիարակությունը ծնողներից մեկին հանձնելու պահանջով դատական գործերի քննության ժամանակ դատարանները որոշ դեպքերում հայտնվում են վատ վիճակում: Երբեմն դատարանի նախաձեռնությամբ անհրաժեշտ է լինում երեխայի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, սակայն տվյալ պարագայում բաց է մնում, թե փորձաքննության նշանակման պահին ում վրա դնել ծախսերը: Պետական միջոցներից հատկացումներ չեն արվում, իսկ կողմերից մեկի վրա ծախսերի վճարման պարտավորություն սահմանելը չհիմնավորված բեռ է, քանի որ վերջիններս չեն միջնորդել փորձաքննության նշանակումը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող նմանատիպ գործերից մեկով դատարանն իր նախաձեռնությամբ նշանակել էր դատահոգեբանական փորձաքննություն, որի կատարումը դրվել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի վրա: Գործի քննությունը կասեցվել էր: Սակայն, Բյուրոն դատարանին գրություն էր ուղարկել՝ առաջարկելով կողմերից մեկի վրա դնել նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի վճարման պարտավորությունը կամ դիտարկել այլ փորձագիտական հիմնարկում  փորձաքննություն նշանակելու հետ կապված հարցը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ավելացված արժեքի հարկ վճարող է և հարկերը ,ներառյալ դատահոգեբանական փորձաքննության գումարի չափը, կազմել էր 353 հազար դրամ: Գրությունից հետո դատարանը ստիպված է եղել վերաբացել գործի քննությունը և քննարկել Բյուրոյից ստացված գրությունը: Ի վերջո, երեխայի ծնողները չեն համաձայնվել և ստիպված են եղել դիտարկել փորձաքննությունն այլ հիմնարկում կատարելու հարցը:

Դատարանն այս անգամ որոշում է կայացրել նույն փորձաքննության կատարումն այլ հիմնարկին հանձնարարելու մասին՝ դարձյալ կասեցնելով գործի քննությունը: Կասեցումից վերաբացում և կրկին կասեցում գործընթացը տևել է երեք ամիս, ինչը երեխային վերաբերող գործերի քննության պարագայում զգալի է:

«Կազմակերպությունն իր կողմից մատուցված ծառայության դիմաց սահմանված վճարը չստանալու պարագայում հնարավորություն չի ունենում իրականացնել և ավարտել փորձաքննությունները, քանի որ փորձաքննության ավարտի օրը հարկային հաշիվ դուրս գրելու պայմաններում պարտավոր է մինչև հաջորդ ամսվա 20-ը վճարել ավելացված արժեքի հարկը»,-դատարանին ուղղված գրության մեջ նշել են ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:

ՊՈԱԿ-ի տնտեսական և ֆինանսական հարցերի գծով տնօրենի տեղակալ Խաչատուր Աբաջյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տարիներ շարունակ քաղաքացիական գործերով կատարվել են տարաբնույթ փորձաքննություններ, որոնց փորձաքննության հետ կապված ծախսերի գումարները մինչ օրս չեն ստացվել: 

Բազմաթիվ գործերով ստացվել են ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթների ավարտման վերաբերյալ որոշումներ՝ նշումով, որ պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել: Արդյունում անհնարին է դարձել համապատասխան փորձաքննությունների ծախսերի գումարի ստացումը: Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր փորձաքննության ավարտման օրը ՊՈԱԿ-ը դուրս է գրել համապատասխան հարկային հաշիվ և ավելացված արժեքի հարկը վճարվել է պետական բյուջե, ինչի հետևանքով հայտնվել է ոչ բարենպաստ ֆինանսական դրության մեջ: Հիմնականում, սկսած 2006թ-ից,ՊՈԱԿ-ը կուտակել է  անհուսալի դեբիտորական մեծ պարտքեր: 

Պարզվում է` կազմակերպությունը դեբիտորական պարտքերի վերաբերյալ առանձնացված հաշվառում չի իրականացնում, ուստի չի կարողանում տեղեկատվություն տրամադրել, թե կատարված փորձաքննությունների  համեմատ քանի տոկոս են կազմում անհուսալի պարտքերը: Իսկ կազմակերպության նկատմամբ առկա պարտավորությունների գումարային մեծությունների վերաբերյալ տեղեկությունները, ըստ Բյուրոյի տնօրենի տեղակալի, տրամադրման ենթակա չեն:

«Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր, այդ թվում՝ գործող իրավակարգավորումների վերանայման և խնդրո առարկայի լուծման օպտիմալ ուղիների մշակման նպատակով»,-նշված է Խաչատուր Աբաջյանի պատասխանում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ Վահե Մովսիսյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է տեղեկություններ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի գործերով հարուցված կատարողական վարույթների, բռնագանձման ենթակա և արդեն բռնագանձված գումարների չափի մասին:

Մասնավորապես, 2018թ. ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի օգտին՝ գումարի բռնագանձման պահանջով ,հարուցվել է թվով 217 կատարողական վարույթ՝ մոտ 13 մլն 882 հազար դրամ բռնագանձման ենթակա գումարով: 2018-ին բռնագանձվել է մոտ 6 մլն 901 հազար դրամը: 217 կատարողական վարույթներից 181-ը հանդիսացել են ֆիզիկական, իսկ 36-ը՝ իրավաբանական անձիք:

2019թ. հարուցվել է թվով 138 կատարողական վարույթ՝ 8 մլն 714 հազար դրամ բռնագանձման ենթակա գումարով: Սակայն, նշված տարում բռնագանձվել է 5 մլն 672 հազար դրամ: Կատարողական վարույթներից 105-ով պարտապան են հանդիսացել ֆիզիկական անձինք, 33-ով՝ իրավաբանական:

Ամենաքիչ վարույթները հարուցվել են 2020թ.: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի օգտին՝ գումարի բռնագանձման պահանջով, հարուցվել է թվով 42 կատարողական վարույթ՝ 2 մլն 558 հազար դրամ բռնագանձման ենթակա գումարով: Բռնագանձվել է 1 մլն 906 հազար դրամ: Կատարողական վարույթներով 30-ի դեպքում պարտապանը ֆիզիկական անձ է եղել, իսկ 12-ը՝ իրավաբանական անձ:

Վճարման դժվարությունները՝ փորձաքննությունների ծախսի չվճարման խնդիրները, հիմնականում ծագում են առավել հաճախ նշանակվող փորձաքննությունների տեսակներով՝ շինարարատեխնիկական, ապրանքագիտական, ձեռագրաբանական, հոգեբանական և այլն:

Հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություն` «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն չունի բավարար ազատ միջոցներ այդ հարկերի վճարման ապահովման համար: Սակայն, Խաչատուր Աբաջյանը հավաստիացնում է, որ Բյուրոյում վճարում չիրականացնելու հիմքով փորձաքննության չշարունակման կամ անկատար թողնելու նախադեպեր չեն եղել:

Նշենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է Կառավարության 2004թ. թիվ 1127-ն որոշմամբ՝ ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter