
Բադասյանը չի բացառում, որ արտահերթ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով իրականացվեն
Կառավարությունը հակված է մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին:
«Կարծում եմ՝ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է եղել, որ ռեյտինգային ընտրակարգն ամենահարմար համակարգը չէ Հայաստանի համար: Տարիներ շարունակ ռեյտինգայինը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա արդյոք որոշում արտահերթ ընտրությունները որ օրենսգրքով են անցկացվելու:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում:
Ըստ Բադասյանի՝ Հայաստանի նման երկրի համար ըստ բազմաթիվ վերլուծությունների քաղաքական բանավեճին ավելի շատ նպաստում է համամասնական ընտրակարգը: Բադասյանը հայտնեց, որ սրա վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ապա հիշեցրեց, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով ռեյտինգային ընտրակարգը պետք է չեղարկվի: Նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը նախագծի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն է տալու: Նախարարի խոսքով՝ եթե այդ հարցի շուրջ կոնսենսուս լինի, ապա որևէ խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական ընտրակարգով:
Դիտարկմանը, որ օրինակ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ խաղի կանոնները պետք է հստակ լինեն, հետևաբար ընտրությունները պետք է անցկացվեն գործող ընտրակարգով, Բադասյանն արձագանքեց.
«Խաղի կանոններին պատրաստ լինելու մասով խնդիր չեմ տեսնում, որովհետև ակնհայտ է, որ կուսակցությունը պետք է ունենա իր համապետական ցուցակը, իրենց համար կանխատեսելի է նման համապետական ցուցակ ունենալը»:
Բադասյանը նաև հիշեցրեց, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը մեկ տարի է հանրային քնարկման է ներկայացվել, հետևաբար փոփոխությունները այնպես չէ որ հրատապ են կատարվելու:
Մեկնաբանել