HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Ասատրյանի, Անդրանիկ Սողոյանի և Գևորգ Մելիքյանի սպանությունը նախապատրաստելու գործով անցնող անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի, «Օշականցի Գևորիկ» անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և «Զապ» անունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանությունը նախապատրաստելու գործով անցնող անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել։ Դատախազությունը բողոքներ է ներկայացրել նրանց ազատ արձակելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալները չորսն են՝ Զոհրաբ Ղումաշյանը, Արկադի Քոչինյանը, Արտակ Այվազյանը և Վազգեն Ղազախեցյանը։

 «Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն, ըստ մեղադրանքի, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կատարել են երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։

Այս գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2018 թվականի մայիսի 30-ին, մակագրվել դատավոր Վահե Խալաթյանին։ Մեզ հետ զրույցում Զուհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Զոհրաբ Ղումաշյանի կալանվորման վերաբերյալ իրենց բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է, ապա արձանագրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի, այսինքն՝ ազատության և անձնական անձեռնմխելության իրավունքի խախտում, որից հետո իրենք դիմել են դատարան՝ ՄԻԵԴ-ի որոշման հիմքով Զումաշյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությամբ, սակայն Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքով դատավոր Խալաթյանի լիազորությունները դադարեցվել են։ Գործը մակագրվել է  այլ դատավորի՝ Արթուր Ադամյանին, ինչը ենթադրում էր, որ գործը պետք է վերսկսվի։

«Գործի մակագրումը լրացուցիչ հիմք հանդիսացավ, որ մեր միջնորդությունը բավարարվի, քանզի անձինք շուրջ երեք տարի արդեն գտնվում էին արգելանքի տակ, և եթե դատաքննությունը վերսկսելու պարագայում, ենթադրվում էր, որ ամբաստանյալները մի քանի տարի ևս պետք է մնային արգելանքի տակ, ինչը գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտում է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ Զոհրաբ Ղումաշյանին ազատ արձակելու վերաբերյալ իրենց միջնորդության բավարարումն իրավական հետևանք է ունեցել նաև գործով մյուս ամբաստանյալների համար, և նրանք ևս ազատ են արձակվել գրավի դիմաց։ Նշենք, որ Զոհրաբ Ղումաշյանն ազատ է արձակվել 5 մլն դրամ, իսկ գործով մյուս ամբաստանյալները՝ 1-ից 2-մլն դրամ գրավով։ Ղումաշյանի խափանման միջոցը փոխելու դեմ դատախազության բողոքի գործով Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, արդեն որոշում է կայացրել, ու մերժել բողոքը։Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Մերժվել է նաև Արտակ Այվազյանի գործով բողոքն, ով ազատ է արձակվել 1  մլն դրամ գրավի դիմաց։ Մյուս ամբաստանյալներին ազատ արձակելու վերաբերյալ դատախազության բողոքները ևս բողոքարկման փուլում են։

Լուսանկարում՝ Ձախից՝ Անդրանիկ Սողոյանը, Արթուր Ասատրյանը, Գևորգ Մելիքյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter