ՆԱՏՕ-ի 2021 թվականի գագաթնաժողովը Բրյուսելում կկայանա
ՆԱՏՕ-ի 2021 թվականի գագաթնաժողովը Բրյուսելում կկայանա, սակայն անցկացման ձևաչափն ու ժամկետները դեռևս հայտնի չեն։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները այս տարի ավելի ուշ հանդիպում կունենան Բրյուսելում։ Ես արդեն խոսել եմ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ և նա հաստատել է, որ սպասում է հնարավորության՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ հանդիպման համար։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովի ձևաչափին և ժամկետներին, դա դեռևս համաձայնեցվում է»,- նշել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովին կհրավիրվեն Դաշինքի գործընկեր երկրները, այդ թվում Ուկրաինան և Վրաստանը։
Սթոլթենբերգն ընդգծել է, որ ապագա գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա «ՆԱՏՕ-2030» նախաձեռնության քննարկումը, որն առաջիկա տասնամյակի համար պետք է սահմանի Դաշինքի զարգացման սկզբունքներն ու արդիականացումը։ Բացի այդ, այն կներդրվի ՆԱՏՕ-ի ապագա ռազմավարական հայեցակարգի հիմքում։
Ենս Սթոլթենբերգը նաև նշել է, որ գագաթնաժողովի նախապատրաստման քննարկումը կդառնա մարտի 23-24-ին Դաշինքի արտաքին գործերի նախարարների Բրյուսելում կայանալիք հանդիպման գլխավոր թեման:
Լուսանկարը՝ Sky/Associated Press
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել