Եվրամիությունը 30 տարվա մեջ առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի նկատմամբ
ԵՄ խորհուրդը, արտաքին գործերի նախարարների մակարդակով, համաձայնեցրել է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման որոշումը, ինչը պայմանավորված է այդ երկրում մարդու իրավունքների պարբերական խախտմամբ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Սա վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ։ Վերջին անգամ Եվրամիությունը դեպի Չինաստան զենքի մատակարարումների վրա էմբարգո էր կիրառել 1989 թվականին, երբ չինական իշխանությունները Տյանանմեն հրապարակում ճնշել էին բողոքի ցույցը։
Պատժամիջոցների նոր ցանկում հայտնվել են ֆիզիկական չորս և իրավաբանական մեկ անձ։ ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն։ Բացի այդ, նրանք չեն կարողանա մուտք գործել Եվրամիություն։ Բրյուսելի այս քայլը կապված է Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ույղուրների և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանության հետ։
EU agrees Magnitsky sanctions on four Chinese officials over human rights abuses against the Uighurs https://t.co/1rQ3iaGKYA
— Bill Browder (@Billbrowder) March 17, 2021
ԵՄ անունից որոշումը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը։ «Սա շատ կարևոր քայլ է, որը ցույց է տալիս մեր հավատարմությունը (խմբ. Չինաստանի նկատմամբ ընտրված քաղաքական կուրսին)»։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի Բրյուսելի նկատմամբ։
Ույղուրները թյուրքալեզու ժողովուրդն են, որոնց մեծ մասը բնակվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևմտյան հատվածում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Ույղուրները սուննի մուսուլմաններ են։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով՝ ավելի քան 1 միլիոն ույղուր և մուսուլմանական մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչներ գտնվում են, այսպես կոչված, «վերադաստիարակման ճամբարներում», որտեղ նրանց ստիպում են հրաժարվել կրոնից, մշակույթից և լեզվից։
Լուսանկարը՝ bridge.georgetown.edu-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել