HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքն այդ օրը գիտեր, որ էլ չպիտի լինի

Մաթևոսյանների ընտանիքը շուրջ 30 տարի բնակվում է Գյումրիի թիվ 205/458 տնակում։ Ընտանիքի հայրը՝ Գագիկ Մաթևոսյանը, ասում է, որ հնարավոր է շուտով բնակարան ստանան։ «Երբ քաղաքապետարանից ասացին, որ տուն ենք ստանալու, շատ ուրախացանք։ Բայց հիմա ոչ մի բան աչքներիս չի երևում»,- ասում է Գագիկը։

Գագիկի կրտսեր որդին՝ 25-ամյա Արմեն Մաթևոսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հոկտեմբերի 6-ին Հորադիզի մոտ Արմենը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել։ Նրան սկզբից տեղափոխել են Սիսիան, այնուհետև Երևան։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, Արմենը այդպես էլ կոմայից դուրս չի եկել։

Արմենի վիրավորման մասին լուրը ստանալուն պես ընտանիքով մեկնել են Երևան։ Գագիկի խոսքով՝ բժիշկները առաջին օրվանից էլ գիտեին, որ իրենց որդին ողջ չի մնալու, բայց իրենք չէին հուսահատվում։ Գագիկը պատմում է, որ մանր բեկորներից Արմենի դեմքը ամբողջովին սևացել էր, եթե վիրավորումը լիներ մեկ այլ հատվածում, հնարավոր է կարողանար պայքարել և ողջ մնալ։

«Արմենս շատ հանգիստ բնավորություն ուներ, բայց վերջին տարվա ընթացքում անընդհատ նոր գործեր էր նախաձեռնում, ասում էր՝ գործս կիսատ կմնա, երևի ինչ-որ մի բան զգում էր»,- պատմում է Արմենի մայրը՝ Թամարա Մաթևոսյանը։ 

Արմենը վերջին անգամ ընտանիքի հետ հեռախոսով զրուցել է վիրավորվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին։ Սկզբից խոսել է մոր հետ, կարծես հրաժեշտ տալու համար էր զանգել, այնուհետև զանգել է հորը և ավագ եղբորը՝ Արթուրին։ «Ինքն այդ օրը գիտեր, որ էլ չպիտի լինի»,- ասում է Թամարան։

Արմեն Մաթևոսյանը և իր ավագ եղբայրը՝ Արթուրը, ծառայել են ՀՀ սահմանապահ զորքերում, Աշոցքի շրջանում, հայ-վրացական սահմանին։ Երբ տեղեկացել էին, որ Արթուրին պետք է տանեին ռազմադաշտ, Արմենը պնդել էր, որ եղբոր անունը ցուցակներից ջնջեն և փոխարենը ռազմադաշտ տանեն իրեն։ Թամարայի խոսքով՝ Արմենը ցանկացել է գնալ Արթուրի փոխարեն, քանի որ վերջինս ամուսնացել և նոր ընտանիք էր կազմել պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ։ 

Մաթևոսյանները իրենց հյուրասենյակում զոհված որդուն նվիրված անկյուն են ստեղծել։ Սեղանի վրա դրված են Արմենի նկարները, զինվորական պարգևները և սպորտային մեդալները։ Արմենը բավականին մեծ հաջողություններ է ունեցել սամբո և ձյուդո մարզաձևերում։ Նրան նույնիսկ առաջարկել են կարիերան շարունակել սպորտում, բայց նա ընտրել է պայմանագրային ծառայությունը` կայուն աշխատավարձի պատճառով։ 

Վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունից ազատ ժամանակ Արմենը մի քանի գործ էր նախաձեռնել՝ հողատարածք էր վարձել և կարտոֆիլ ցանել, փայտից քիվեր էր պատրաստում և ծաղիկների վաճառքի սրահներին մատակարարում ձեռագործ իրեր։

Արմենը իրենց տան բակում սեփական ձեռքերով փորել էր փոքր լճակ, տան կողքով հոսող գետից ջուր էր քաշել և իշխան տեսակի ձուկ էր բուծում։ 

«Քանի որ շատ էր զբաղված, տանը քիչ էր լինում, ես էլ անկախ ինձանից իրեն կարոտում էի, ուզում էի միշտ լինել այնտեղ, որտեղ ինքն էր»,-պատմում է Թամարան։ Մոր խոսքով` Արմենը պատրաստվում էր շուտով ծառայությունից դուրս գալ և իր ամբողջ ժամանակը նվիրել գյուղատնտեսությանը և փայտագործությանը։

Արմենի հորեղբայրը՝ Մաթևոսյան Գևորգը, նույնպես պատերազմի մասնակից է, նա էլ է ծանր վիրավորվել, Արմենի դեպքից ընդամենը մի քանի օր անց։ Գևորգին վիրավորել են երբ նա իր մարտական ընկերների հետ զոհվածների մարմիններն է տեղափոխել։ Հիմա հիվանդանոցում բուժում է ստանում, բայց վիճակը ծանր է՝ ամնեզիա է ձեռք բերել, լսողությունն օրեցօր վատանում է։ Պարզ չէ` երբ կապաքինվի։

«Ես ինքս ինձ միշտ մեղադրում եմ, որ որդիս չկա, կապ չունի, թե ինչով եմ զբաղված, միշտ մտածում եմ՝ այ մարդ, որդիդ չկա, դու էս ի՞նչ ես անում…. անընդհատ Արմենս ինձ հետ է»,- ասում է Թամարան։ 

Գագիկը երկու տարի է, ինչ արտագնա աշխատանքի չի գնացել, ու չգիտի էլ` ուզում է գնալ, թե ոչ։ Իսկ Թամարան նվազագույն աշխատավարձով աշխատում է հացի փռում, աշխատանքը կնոջ համար դարձել է վիշտից փախուստի միջոց։

Արմենի ավագ եղբայրը և նրա կինը շուտով երեխա են ունենալու։ Թամարան հուսով է, որ նորածնի ներկայությունը կմեղմի իրենց հոգեկան ցավերը։ Ասում է, որ ապրելու ուժ տալիս է միայն նոր կյանքի սպասումը։ 

Մեկնաբանություններ (1)

Vahe Ohanian
He is in my mind now and my Hero. Sincerely, Vahe

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter