Տեղի է ունեցել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ մարտի 23-ին Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավագ դպրոցում մտցնել կրեդիտային համակարգ:
Օրինագծի մեկ այլ դրույթը վերաբերվում է դպրոցներում հեռահար կրթությանը: Մասնավորապես նախատեսվում է մշակել կարգ, որով կառաջնորդվեն դպրոցները: Սեպտեմբերի մեկից կրթական համակարգում ևս մեկ նորամուծություն կլինի՝ հանրապետության երեք շրջանների քսան դպրոցներում կմեկնարկի երկարօրյա կրթության ծրագիրը: Նպատակը կրթության որակի բարձրացմանը զուգահեռ տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է:
Լուսինե Ղարախանյանի տեղեկացմամբ՝ այս փուլում ճաշարանների ձևավորման աշխատանքներ են ընթանում: Նախարարը ներկայացրեց նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովի փորձագիտական ծառայության գնահատմամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին: Քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այնուհետև հանձնաժողովը քննարկել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: 4 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել