
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իդլիբում իրավիճակի սրման պատճառով։ Այդ մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Երխովին և Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդին Թուրքիայի ԱԳՆ-ում մտահոգություն են հայտնել Սիրիայի Իդլիբի նահանգում գրանցվող հարձակումների կապակցությամբ։ Պաշտոնապես դեռևս չի հաստատվել Ռուսաստանի դեսպանին թուրքական ԱԳՆ կանչելու փաստը։
Ավելի վաղ, РИА Новости-ն գրել էր, որ Թուրքիան Սիրիային մեղադրել է Իդլիբի վրա հարձակման համար։ Ինչպես պնդում է թուրքական կողմը, Աթարիբ շրջանում գտնվող հիվանդանոցի հրետակոծման արդյունքում զոհվել է քաղաքացիական հինգ անձ, ևս 10-ը վիրավորվել է։ Ռուսաստանին ուղարկվել էր ծանուցում՝ «հարձակումն անմիջապես դադարեցնելու» մասին։
Սիրիայում զինված դիմակայությունը սկսվել է 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ բողոքի ցույցերից հետո։ Բողոքի ցույցերն սկսվել էին մի խումբ դեռահասների ձերբակալությունից հետո, որոնք տների պատերին գրել էին հակակառավարական կարգախոսներ։
2015 թվականին Ռուսաստանը ներգրավվել է սիրիական հակամարտության մեջ՝ սատարելով գործող նախագահ Բաշար Ասադին։ Սիրիական ընդդիմության մի շարք խմբավորումներ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում միացել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։ 2017 թվականին ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության լիակատար ջախջախման մասին։ Այդուհանդերձ, պատերազմն այդ երկրում շարունակվում է։
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել