Տեղամասի տնօրենը պայմանագիր կնքելու համար պահանջում է վճարել մարված պարտքը
Այսօր Լոռու մարզի Աքորի գյուղի 85-ամյա բնակիչ Ղևոնդ Երանոսի Ավետյանը «Հետքի» աջակցությունն է խնդրել իր և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիսարևելյան» մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ Արթուր Կոլոլյանի միջև ստեղծված տարաձայնության հարցում: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիսարևելյան» մասնաճյուղը 11.02.2009 թ. հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրին ընդդեմ Աքորի համայնքի բնակիչ Ղևոնդ Երանոսի Ավետյանի` դիբիտորական պարտքը բռնագանձելու պահանջի մասին:
Հայցադիմումում հայցվորը հայտնել է որ, համաձայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիսարևելյան» մասնաճյուղի և Ղևոնդ Ավետյանի միջև 15.03.2003 թ.-ին կնքված ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրի, պատասխանողը պարտավորվել է կատարված ծառայությունների դիմաց կատարել ընթացիկ վճարումներ: Չնայած հայցվորի պահանջներին` պատասխանողը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով էլ 01.02.2009 թ. դրությամբ պարտքի գումարը կազմել է 33 500 դրամ:
«Հայջրմուղկոյուղին» դատարանից խնդրել է Ղևոնդ Ավետյանից բռնագանձել այդ գումարը և վճարված 1500 դրամ պետական տուրքի գումարը: Դատարանը արձանագրել է, որ 2004 թ. հունվարի 10-ի դրությամբ Ղևոնդ Ավետյանը իր բնակարանում տեղադրել է ջրաչափ, որը գրանցված է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում: Ավետյանը ջրաչափը տեղադրելուց հետո իր կողմից օգտագործած ջրի դիմաց պատշաճ կարգով վճարել է և այդ ժամանակից ջրի վարձի պարտք չունի: Ըստ հայցվորի կողմից դատարանին ներկայացրած տեղեկաթերթիկի` Ավետյանի պարտքը կազմել է 22 246 դրամ, որը նա պարտավոր էր վճարել հայցվորին, սակայն չի կատարել իր պարտականությունը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն իր հերթին օրենքում սահմանված ժամկետում իր իրավունքների պաշտպանության հայցով չի դիմել դատարան, բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: ՀՀ քաղ. օրենսգրքի 332 հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է: Դատարանը 30.02.2009 թ.-ին վճռել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիսարևելյան» մասնաճյուղի` ընդդեմ Ղևոնդ Ավետյանի դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջի մասին հայցը մերժել:
Վճռից երեք տարի հետո «Հյուսիսարևելյան» մասնաճյուղի Թումանյանի տեղամասը Աքորի գյուղում նոր ջրագիծ անցկացնում, և Ղևոնդ Ավետյանի հետ հրաժարվում է կնքել ջրամատակարարման և ջրահեռացման նոր պայմանագիր: Մասնաճյուղի Թումանյանի տեղամասի տնօրեն Արթուր Կոլոլյանը Ղևոնդ Ավետյանից պահանջում է մինչև 2003 թ. ունեցած և դատարանի վճռով չեղյալ հայտարարված նախկին պարտքից վճարել 7 հազար դրամ, այլապես հրաժարվում է պայմանագիր կնքել և ջուր մատակարարել թոշակառուին:
«Հետքը» հիշեցնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիսարևելյան» մասնաճյուղի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոյանին Ղևոնդ Ավետյանից դատարանի վճռով չեղյալ հայտարարված նրա նախկին պարտքից 7 հազար դրամ պահանջելու և դրա հետ կապված` 85 տարեկան ծերունու ջրամատակարարման պայմանագրի շուրջ քաշքշուկներ ստեղծելու անթույլատրելիության մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել