HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաձգություն ԱՄՆ Կոլորադո նահանգում. զոհվել է 10 մարդ

ԱՄՆ Կոլորադո նահանգում անհայտ անձը կրակ է բացել սուպերմարկետում, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Հրաձգությունը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսօրին՝ Դենվերից հյուսիս-արևելք գտնվող Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում։

Ինչպես հայտնել է Բոուլդերի ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը, կասկածյալը ձերբակալվել է։ Իշխանությունները դեռևս չեն նշում հանցագործության մոտիվները՝ հղում անելով հետաքննության նախնական փուլին։ Հերոլդը նշել է, որ իր գործընկերն առաջիններից մեկն է հայտնվել հանցագործության վայրում և սպանվել։

Նրա խոսքերով՝ իրավապահ մարմինները սկսել են ստանալ հաղորդագրություններ` հրաձգության և զինված մարդու մասին։ Ոստիկանությունն արձագանքել է ուժեղացված կազմով։ Դեպքի վայր են ժամանել ամբողջությամբ զինված հատուկ նշանակության ուժերը։ Կասկածյալին բարձախոսի միջոցով կոչ են արել հանձնվել։

Դեռևս հայտնի չէ, թե ով է կասկածյալը։ «Թվում էր, թե սա Ամերիկայի ամենաանվտանգ վայրն է, իսկ ինձ քիչ էր մնացել սպանեին, միայն նրա համար, որ գնացել էի լիմոնադի և չիփերի հետևից»,- CNN-ին պատմել է դեպքի վայրում գտնվողներից մեկը։

Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսը տեղի ունեցածն անվանել է «սարսափելի իրադարձություն»։ Տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին նշել է, որ նախագահին պարբերաբար ներկայացնում են կատարվածի մասին վերջին նորությունները։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ զանգվածային սպանությունն է Միացյալ Նահանգներում։ Նախորդ երեքշաբթի օրը Ատլանտայի և հարակից շրջանների երեք մերսման սրահներում սպանվել էր 8 մարդ։ Նրանցից 6-ն ունեցել են ասիական ծագում։ Զոհերից 7-ը եղել են կանայք։

Լուսանկարը՝ Chet Strange, Getty Images via AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter