Ադրբեջանը հերքում է Human Rights Watch-ի պնդումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով օրերս Human Rights Watch իրավապաշպտան կազմակերպության հայ ռազմագերիների անմարդկային պայմաններում պահման և վերաբերմունքի մասին պնդումներին, հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է միջազգային նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ նորմերին։ «Մենք հերքում ենք Human Rights Watch կազմակերպության պնդումներն այն մասին, որ ռազմագերիների նկատմամբ կիրառել ենք այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիային»,- նշվում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը Human Rights Watch-ին մեղադրում է կանխակալ և ոչ օբյեկտիվ մոտեցման մեջ՝ պնդելով, որ հայ ռազմագերիների նկատմամբ իրենց վերաբերմունքը համապատասխանել է միջազգային նորմերին։
Հիշեցնենք, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 19-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը անթույլատրելի վերաբերմունք են ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք գերեվարվել են 2020 թվականին՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Վերջինիս պնդմամբ գերիները դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի ու խոշտանգման էին ենթարկվել, ինչպես գերեվարումից հետո, այնպես էլ տեղափոխման և պահման վայրերում գտնվելու ժամանակ։ Իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել հետաքննել գերիների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի մասին բոլոր ահազանգերը և անմիջապես ազատ արձակել մյուս ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
Լուսանկարը՝ համացանցից/արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել