HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նզովյալները

Չգիտեմ, նույնիսկ կարևոր էլ չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է ձևավորվել մտավորական հասկացությունը: Եթե բառաստեղծն իմանար, որ հերթական հալածյալին, խոշտանգվողին է ծնունդ տալիս, երևի ստեղծելուց առաջ մի երկար կմտածեր. մեղք է բառը:

Խորհրդային պետությունը ներսից ու առավել հիմնովին քայքայելու համար ամերիկյան գաղտնի ծառայությունները ստեղծեցին խորհրդային պետության դեմ սառը պա...տերազմի մի ուսմունք, որի ամենաթույլ ու խոցելի թիրախը խորհրդային մտավորականությունն էր: Ամենուրեք ու ամեն կերպ մտավորականությանն ընկճելու, ստորացնելու, ծաղրելու, ակտիվ հասարակական կյանքից ու կառավարման համակարգից հեռացնելու այդ, ցավոք, շատ հաջողված ջանքերի արդյունքում խորհրդային հասարակությունը հայտնվեց չափազանց խոցելի և իմունային համակարգից զուրկ զանգվածի վիճակում, որով էլ ավելի արագացվեց կայսրության փլուզումը:

Նույնիսկ մեզ պես միամիտներին անգամ հասկանալի է, որ համաշխարհային այդ գերհսկայի կազմաքանդումը չէր բխում նրա բնակիչների ճակատագրի հանդեպ մտահոգությունից:

Այս թեմայի զարգացումն ու շարունակությունը թողնելով պատմաբաններին՝ մենք գնանք մեր հասարակության նորօրյա մարտիրոսների բախտի ու տառապանքների հետքերով ու պարապ հետաքրքրասերների պես հետևենք, թե հայ մտավորականների այս գողգոթան մինչև ուր ու մինչև երբ պետք է շարունակվի:

Թե վկայակոչեմ երիտթուրքերի կողմից հայ մտավորականության առաջնահերթ բնաջնջումը, իմ մարտնչող ընդդիմախոսներին կթվա, թե պաշտպանվելու համար է ասված. թե նրանք ուր, մերօրյաններն ուր, թե... և այդպես շարունակ:

Ինչ է ակնկալում հասարակությունն իր մտավորականից, որ չի ստանում: Չի ստանում, որովհետև մտավորականությունն ամուլ է, թե մենք մեր պահանջների մեջ շատ ենք առաջացել, թե մենք ոչ թե մտավորական, այլ ռազմիկ ենք ուզում, իմ, քո, բոլորիս մեղքերի ու սխալների մատաղացու, հերթական սրբազան մի մեռել, որին մի քանի օր բեմերին պտտացնելուց հետո, առանց խղճի խայթի, առանց կարմրելու, հիմնավորապես մոռանանք:

Իսկ չե՞նք մեղանչում միթե պատմիչ ու մահապարտ Եղիշեի առաջ, Ներսես Աշտարակեցի վեհափառի և բազում-բազում ռազմիկ մտավորականների առաջ մինչև Սարդարապատ, մինչև Դեր Էլ Զոր, մինչև Բեռլին, մինչև Մարտակերտ ու Շուշի: «Հրանտ Մաթևոսյանը համաշխարհային մեծության գրող է»,- ինքներս մեզ համոզելու համար կհոխորտանք ու Հրանտին չենք ների, որ մեզ հասանելի չէին և չեն իր ասելիքն ու անելիքը:

Մաթևոսյանի գրականություն բերած ողջ կենսափիլիսոփայությունը ըմբոստ, մարտնչող, աննահանջ մի գաղափարախոսություն է՝ ներծծված անսահման հայրենասիրությամբ, հայրենիքի ու իր ժողովրդի ճակատագրի հանդեպ հայրական մտահոգությամբ:

Չհասկացանք, որովհետև չկարդացինք:

Նրանք, ովքեր կարդացել, լսել ու հասկացել էին, զորակոչվեցին ով ինչին կարող էր՝ հայրենափրկության նվիրական գործին, գրողի, լրագրողի, ուսուցչի, շինականի իր առաքելությանը:

Մեկ անգամ էլ հիշենք, որ հաղթանակները բազում տեր ունեն, պարտությունները որբ են:

Առանց ձևի ու կեցվածքի ասենք, որ ուսուցչի մի հաջողված, ոգեշունչ դասը, լրագրողի անկողմնակալ ու դիպուկ, հարկավոր մի հոդվածը, դատավորի կամ պաշտոնյայի կողմից քաղաքացու մոտ արդարության հաղթանակի, պետության հանդեպ վստահության վերականգնման թեկուզ և մեկ օրինակը պատերազմում մեկ լավ ճակատամարտ շահելու պես բան է:

Արդարացի է հասարակության ակնկալիքն իր մտավորականից:

Ամեն մի ժողովուրդ, իր քիմքին ու ճաշակին հարիր, սահմանել է մի տարածություն, որից դուրս չի ուզում ու չի ընկալում իր լավերին: Հնդիկ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորն իր սիրեցյալին հիասթափության պահին գրում է. «Դու վար իջար քո գահից ու կանգ առիր իմ հյուղակի դռանը»:

Համաձայնեք, որ հասարակությունն իրավունք ունի ուրիշ մի տեղում, ուրիշ մի հարթության վրա տեսնելու իր մտավորականին, այնտեղ, ուր նրա համար նախասահմանել է: Իրավունք ունի ըմբոստանալու իր հուսախաբության համար, անկումների համար՝ ընդվզելու: Հասարակությունն իր համար սահմանել է մի նշաձող, դեպի ուր ձգտում է իր հոգին:

Իր լավերի համար հասարակ մահկանացուի պատանքը շատ է խղճալի: Իր լավերին ժողովուրդը պարուրել է իր սիրով, բայց չի փորձել պաշտպանել իր սիրուց: Նրան օժտել է իր ձգտումներով, հերոսի մասին իր պատկերացումներով, հագցրել լավագույնի համար իր ծիրանին, և հոգին ոչ մի կերպ չի հանդուրժում հասարակը, իր՝ մահկանացուի համար պահված մատչելին: Մի՞թե մեղավոր է մարդը, որ երազում է: Որ իր լավագույնին ճախրանքի թևեր է հագցրել ու մրմռալու չափ աչքերը ցավում են, երբ նրան ներքևներում է տեսնում:

Բայց քաղաքացու առօրյա դժվարություններն ու զրկանքները գուցե մի փոքր ագրեսիվ ու անհամեմատ խստապահանջ են դարձրել այլ հանգամանքներում գուցե նաև ներողամիտ մարդուն, և նա նաև իր կորուստների համար մտավորականությունից ավելի ակտիվ կեցվածք ու վերաբերմունք է սպասում:

Հասարակությունը մտավորականից բարձր նշաձող ակնկալելու իրավունքը միանգամայն ունի: Հարյուրամյակներ շարունակ վանական ու աշխարհիկ ծաղկողների, գրիչների, նաղաշների ու բանաստեղծների վարկն ու վարքը նրանց օժտել է անաշխարհիկ ծավալներով, ու հիմա մարդկանց դժվար է այլ չափումներ ընկալել:

Այո, փոխվում են ժամանակները, բարքերը, բայց մտավորականից հասարակության ակնկալիքները չեն փոխվում: Բարեբախտաբար, այստեղ պահանջները չեն վերանայվում, այլապես հիմնովին ու գլխիվայր ամեն ինչ խորտակվելու աստիճան կփոխվեր:

Չէ՞ որ մարդկանց պայմանական զանգվածը հասարակություն չէ: Դա նշանակում է արժեքների, սովորությունների և ընկալումների մեկ միասնական համակարգ: Այստեղ վերագնահատումները չափազանց դանդաղ են ընթանում, այլապես բնության տարերքների պես հասարակական փոթորիկները կարող են հիմնովին փոխել աշխարհը:

Իրերի սառը տրամաբանությամբ, սակայն, իր լավերի մեջ հասարակությունը զոհ է փնտրում, նահատակ, մարտիրոս, բայց ոչ երբեք, օրինակ, իդեալ՝ իր գալիքը մարմնավորելու, կերտելու համար:

Տպավորություն է մնում, որ իր իսկ թողտվությամբ, իր անտարբերությամբ, երբեմն էլ իր օժանդակությամբ խաչ հանվող էդ լավագույնը գետնաքարշ իր վաղվա գոյության համար իր վրեժն է, վրեժ ինքն իր համար ու ինքն իրենից: Թվում է՝ իր թուլության, իր խեղճության, ամեն ինչին հարմարվելու, ամեն ինչի հետ հաշտ իր գոյության ամոթից ավելի հարմար ձև չկա ազատվելու, քան նրան, քան նրանց մատաղելը:

Նրանց զոհելով՝ հասարակությունն իրեն զրկում է իդեալներից, ու երանի գոնե դա սթափեցնելով առիթը դառնար իր ձգտումները կանոնավորելու, իր ելակետը ճշտելու:

Երկիրը լքելով հայոց հարց ենք լուծում:

Եթե վաղը վերադարձվի թեկուզ միայն Արևելյան Հայաստանի՝ Թուրքիայի քարտեզում մնացած մնացյալ 17 հազար ք/կմ-ը, ի՞նչ ենք անելու: Բացի մարզպետների ու պատգամավորության թեկնածուներից՝ քանի՞ ընտանիք կգտնենք, որ ցանկություն կհայտնի ապրել այնտեղ:

Դպրոցների ու բուհերի միջոցառումները նվիրված են օրվա հերոսներին, որովհետև էդպես հարմար է, որովհետև դա փոր է կերակրում:

Համարյա հասել ենք էնտեղ, որ մոռացել ենք մեր մեծերին, կամ միայն նրանց անուններն են մնացել իբրև ժառանգություն: Մամուլն ու հեռուստացույցը լցված են ողորմելի, պռատ գործիչներով, նույնքան խղճուկ նրանց ասուլիսներով, երբ Տիգրան Պետրոսյանի նկարն արդեն գրեթե չեն ճանաչում: Ընդամենը ամիսներ առաջ մահկանացուն կնքեց մեր ժամանակի լավագույն քաղաքացիներից ու մտավորականներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը. քանի՞ ձեռք փորձեց երկու տող գրել նրա ծանրակշիռ վաստակի մասին:

Մենք, որ ընդօրինակելու մեջ վարպետ ենք, ուրիշներից չենք ընդօրինակում ճանաչել սեփական մեծերին ու նրանց ժառանգությունը: Չենք սովորում սիրել սովորեցնել մեր ժառանգներին, գնահատել ու փառաբանել սեփական արժեքները:

Պարույր Սևակի խոսքը ապտակի նման շառաչում է ազգային սնապարծության դեմքին՝ զգոնության ու սթափության կոչելով գլուխգովանությանը:

Մուշեղ Գալշոյանին ճանաչեցինք իր ողբերգական մահից հետո, էն էլ՝ մահվան «շնորհիվ»:

Ուրեմն, ի՞նչ ենք ուզում մեր մտավորականից: Ինչո՞ւ ենք հալածում: Ինչո՞ւ ենք ընկճում սիրո ու պաշտպանության կարիք ունեցող նրա հոգին:

Պաշտպանություն ասացի, որովհետև, այո, մտավորականը պետք է ռազմիկ լինի, բայց իր ոլորտի, իր մասնագիտության, իր կոչման: Պարտադիր չէ, որ բոլորը արցախյան պատերազմին մասնակցած լինեն: Թեև հիմա մոդա է դարձել. բոլորը պատերազմի մասնակիցներ են իրենց հորջորջում, որովհետև չեն ամաչում… Եռաբլուրից:

Տեղին ու ճշմարիտ է, որ Արցախի իրական հերոսը համայն հայությունն է: Ու ոչ մեկի մտքով չի անցնում մտածել, որ բոլորը անխտիր պետք է մասնակցեին մարտական գործողություններին: Չէ՞ որ նա, ով մնաց Ստեփանակերտի, Մարտակերտի, Կապանի ռմբակոծությունների տակ, ով Մեղրիից մինչև Նոյեմբերյան ու Վարդենիս մնաց իր օջախի կողքին ու մնաց… իր պատերազմող ազատամարտիկների թիկունքում, նա, հենց նա հաղթեց այս պատերազմը:

Ո՞վ կարող է վիճարկել:

Սա բացարձակ ճշմարտություն է՝ անկախ արտաբերողի անձից:

Մեր փոքրաթիվ ժողովրդի նորօրյա հերոսապատումն իր լավագույն զավակներից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է:

Յուրաքանչյուր մեկը հաղթանակի մեջ կարող է գտնել իր բաժինը, իր տեղն ու դերը: Հայ մտավորականը՝ նույնպես: Եվ այդ տեղը խիստ ծանրակշիռ է:

****

Իրերի բնույթի մեջ չխորացող մարդը ձգտում է թեթև հետաքրքրությունների: Դա ավելի դյուրին է: Էդ հեշտը հաշիշի նման կլանում ու կախվածություն է ստեղծում: Մեկին աղանդն է կլանում, մյուսին՝ անժելաների դյուրամարս սայթերը: Մեղա աստծո, Նարեկացի կարդացող շուրթերը ստում են: Ընտրակեղծիք թույլ տվող ուսուցիչը աշակերտի հոգու կշռաքարերն է կերտում: Առանձին-առանձին՝ դա կարծես բոլորին ձեռնտու է՝ բացի մարդուց, երկրի քաղաքացուց, երկրի տիրոջից, որ հաճախ նաև էդ նույն փոքրավորի ժառանգն է:

Եթե ճիշտը կուզեք, իմ ցավն էդ ժառանգն է: Ժառանգ, որին Պարույր Սևակը կաղերսեր ներս ու դրսից կապույտ հագցնել, որովհետև կապույտի վրա չեն նստում ճանճեր:

Եթե կուզեք, էդ ժառանգն իրենցը չէ: Երկիրն ու հայրենիքը նրանց պատվել էին էդ ժառանգներին դայակ լինելու, էն էլ ձախողեցին:

Ճշմարիտ դայակն ուրիշ տեղ է: Լավ է, որ նրան հոշոտելու համար սխալ տեղում են փնտրում:

Հասարակությունը, ինչպես բնությունը, ինքնաբուժման միայն իրեն հայտնի իր ռեզերվներն ունի: Դա մտավորական կոչվող իր նզովյալն է:

Դա կոչում է, որ շնորհում ու շնորհազրկում է հասարակությունը:

Դա ընտրանք է ծաղկե ու փշե պսակների արանքում:

Դա վիճակ է, որի ելքը կախված է մեկ մարդուց:

Էդ մարդը ինքն է:

Անդրանիկ Հակոբյան

Մեկնաբանություններ (11)

Հ.Հովհաննես
Նախ շնորհավորում եմ բոլորիս Դանիել Վարուժանի ծննդյան առթիվ, այսօր նրա ծննդյան օրն է, և առաջարկում եմ օգտվելով առիթից` ընթերցել նրա ստեղծագործություններից : Հարգելի Անդրանիկ Հակոբյան. շատ հետաքրքիր և շատ արդիական թեմա եք բարձրացրել: Միգուցե` ամենակարևորն այսօրվա Հայաստանում: Այն իրավիճակն, որում մենք հայտնվել ենք այսօր, հենց մտավորականների պատճառով է: Դուք ասում եք. հատուկ ծառայություններ, ամերիկա, երիտթուրքեր.... Իսկ օ'վ է այսօր անկախ Հայաստանում, սեփական հողի վրա հայ մտավորականին սպառնում բնաջնջել.... Ցավոք թշնամիները առավել սթափ են կողմնորոշվել քան... և հայ ազգը բնաջնջելու համար ճիշտ թիրախ ընտրել: Իսկ որտեղ են հիմա մեր Մտավորականները: Անկախ Հայաստանի ո’ր հորիզոնականներում կամ որ ուղղահայացներում են: ....տպավորություն է ստեղծվել , որ նրանք նեղացել են և ինքնուրույն բռնել են գողգոթայի ճանապարհը: Չէ որ մտավորականը իր բնույթով վեհ է ամեն տեսակ առօրեական երևույթներից: Չե որ մտավորականը արժեք պահպանող, արժեք ստեղծող է: Չէ որ Մտավորականին է պատկանում հասարակության մեջ ճիշտը սխալից, բարին չարուց տարանջատելու չափորոշիչներ սահմանելու մենաշնորհը: Իսկ ովքերեն այսօր ստանձնել այդ դերերը, ովքեր են այսօրվա հեղինակությունները….Ասում եք միգուցե շատ սպասելիքներ ունենք...., այո , շատ են և դա բնական է: Մտավորականը ոչ միայն ռազմիկ է, այլ` նաև ռազմիկի ոգևորման աղբյուր: Ասում եք, թե չեն ամաչում, չէն ամաչում որովհետև Մտավորականները ամոթանք չեն տալիս: Ասում եք, միգուցե ժամանակներն են փոխվել, այո, իհարկե, բայց Աստվածաշնչյան արժեքները դեռ ոչ ոք չի փոխել....: Ասում եք, միգուցե մարդիկ առօրյա դժվարություններից ագրեսիվ են դարձել.... թույլ տվեք չհամաձայնվել, ագրեսիվ են դարձել անարդարության պատճառով: Իսկ արդարության պահպանումն և վերականգնումը դա Մտավորականի Սուրբ պարտքն է: Իսկ Հարգելի Զոհրաբին ցանկանում եմ ասել, որ կեղծ մտավորական չի լինում: Միգուցե մենք սխալմամբ նրանց դասում ենք մտավորականների շարքին: Այս թեմայի մասին հնարավոր չէ երկու բառով խոսել, կամ այս բլոգի շրջանակներում, սակայն սա նույնպես հնարավորություն է…. Ամեն դեպքում փառք ու պատիվ մեր Մտավորականներին, նախկին և մերօրյա: Սակայն, եթե դուք ասում եք , որ մտավորականներն են հասարակության բուժման ռեզերվներն, ապա ես խնդրում եմ, շատ եմ խնդրում մեր Մտավորականներին `լինել տեսանելի, չհարմարվող, անզիջում, ուղղորդել մեզ դեպի բարին, դեպի արդարը, դեպի լուսավորը….
Anahit Xachatryan
Gagik jan du karoxa Karabaxci es
G.Arutunyan
Sireli Gagik, shat izures aydpes mtacum, bolor jamanaknerumel mtavorakannery exel en azgayin arjeqnery pahoxnery ev poxancoxnery hajord serundnerin, himayel e aydpes: Uxaki erevi Duq cheq shpvum nman mtavorakanneri het Gagik jan:
Գ. Հ. Ա.
Մտավորականին չընդունող երկիրը, կկործանվի
Artak
Ժողովուրդ ջան ես ել եմ համամիտ Գագիկի հետ, երևումա Գագիկը ես երկրի վերջին վտավորականնա մնացել: Դիմացի Գագիկ ջան
Tigran Hambarcumyan
Շատ ճիշտ է նկատել Գագիկը, միանշանակ: Համաձայն եմ:Այսօր ավելի շատ ընթերցվում և պրոպագանդվում է հենց նման մարդկանց կենսագրությունը: Բայց Գագիկ ջան հուսահատվել պետք չէ, մի օր այդ ամենը կփոխվի:
Զոհրաբ Գևորգյան
Հարգելի պարոն Հակոբյան ՀԱՅ ազգն մտավորականություն ծնող ազգ է.............. Իսկ մեր՝ ժողովրդիս, սուրբ պարտականությունն է ազգի տականքին, որ միշտ եղել է ու կլինի նույնիսկ կեղծ մտավորականի և հայրենասերի դիմակով, տարանջատել իրական մտավորականությունից, որոնք սերվում են ժողովրդից և ապրում ու արարում են ժողովրդի համար այլ ոչ հակառակը... Եվ շատ շնորհակալություն Ձեզ, որ հնարավորություն ստեղծեցիք մի փոքր կիսվել մեր իրականության առջև Ձեր շատ տեղին գրված մտքերին ներգրավվելով, որպես ՀԱՅ զավակ .....
Vardan
Երբեք չենք մոռանա ապրիլքսանչորսյան գիշերը, ինչով կամ ինչպես սկսվեց այդ անողոք ու նենգ, միևնույն ժամանակ մանրակրկիտ ծրագրավորված ոճիրը: Մոռանալն անդառանալի կորուստների պատճառ կդառնա: Մենք իրավունք չունենք մեր իսկ ձեռքով իրագործել երիտթուրքական ձախողված ծրագիրը:
Armen
...e e e Gagik jan, ba asumes....
Աշոտ Ալեքսանյան
Հասարակության մտավորական կոչվող մեծությանը եկեք միայն կոչումներ շնորհենք, ծաղիկներ նվիրենք և, որպես երկրի քաղաքացի ու տեր, զերծ պահենք նրան շնորհազրկումից և փշե պսակներից: Եվ դա անհրաժեշտ է անել ոչ թե նրանց կորցնելուց հետո, այլ այն ժամանակ, երբ նրանք մեր կողքին են:
GAGIK
CAVOK HAYASTANUM GNALOV VERANUM E MTAVORAKAN HASKACOXUTUN@,,,MARDIK USUMNASIRUM EN OLIGARXNERI KENSAGRUTUN@ EV CHEN HASKANUM VOR@ PETK E LINI IRENC DERAKATARUTUN@ ES ERKRUM,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter