Մարդկանց ձնաբքի գերությունից դուրս բերած վարորդները պարգևատրվել են
Այս տարի Եվրոպայում տասնյակ մարդիկ զոհ գնացին ցրտին ու բքին։ Իսկ Հայաստանի ճանապարհներին ստեղծված բարդ իրավիճակներում, երբ ձյունն ու քամիները գերության մեջ էին պահում հարյուրավոր ավտոմեքենաներ, որոնք մեջ կային կանայք ու երեխաներ, հղիներ ու հիվանդներ, շնորհիվ ԱԻՆ հրշեջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանների, ճանշինի աշխատակիցների, պարզապես պատահական վարորդների, չգրանցվեց ոչ մի զոհ։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն արդեն պարգևատրել էր Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզի հրշեջ-փրկարարներին և հանձնարարել գտնել «Համեր» մակնիշի 2 ավտոմեքենաների վարորդներին, ովքեր քաղաքացիական դիրքորոշում էին դրսևորել և իրենց անձնական Համերներով 35 ավտոմեքենա դուրս բերել ձնաբքի գերությունից։
Ապրիլի 10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ բազմաթիվ մարդկանց ավտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգևատրման արարարողությունը։
Փրկարարական աշխատանքներում արդյունավետ օգնություն ցուցաբերելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ընթացքում դրսևորած մարդասիրական վերաբերմունքի համար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգրով պարգևատրեց ՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանին և Կարապետ Մելքոնյանին։
«Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր կողքին, փրկարարների կողքին։ Ինձ հաճախ հարցնում են' քանի փրկարար ունենք մենք։ Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կա, քանի որ յուրաքանչյուրը կարող է օգնության հասնել դժվարության մեջ հայտնվածին»,- ասաց Արմեն Երիցյանը։
ԱԻՆ-ը հիշեցնում է, որ փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Սևան ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրում։ Ձնաբքի հետևանքով խցանման մեջ էին հայտնվել տասնյակ ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում իրականացված փրկարարական աշխատանքներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարների և ճանապարհային ոստիկանների հետ կամավոր կերպով «Համեր» մակնիշի սեփական ավտոմեքենաներով արդյունավետ աշխատել էր երկու քաղաքացի, ինչի արդյունքում հաջողվել էր խուսափել զոհերից և վիրավորներից' ձնաբքից դուրս բերելով 35 տրանսպորտային միջոց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել