HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Լիխտենշտայն-Հայաստան. վիճակագրությունը մեր թիմի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Վադուցում կսկսվի Լիխտենշտայն-Հայաստան հանդիպումը, որով մեր ազգային հավաքականը կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական 10-րդ խմբում մեր ընտրանուն որպես մրցակից բաժին են հասել աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան, ինչպես նաեւ Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Լիխտենշտայնը:

Խոակին Կապառոսի գլխավոր թիմը Լիխտենշտայնի հետ հանդիպումից առաջ նախապատրաստությունն անցկացնում է Շվեյցարիայում, ուր մերոնք մեկնել են ամսի 22-ին:

Հավաքականի կազմում են.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու» 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր - «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան - «Փյունիկ»
Հայկ Իշխանյան - «Շիրակ»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» 

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան - «Ռիգա» (Լատվիա)
Գեւորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո - «Շախտյոր» (Ղազախստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Արամ Քոչարյան - «Լոռի»
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ուրական» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Հավաքականի ընդլայնված ցուցակում ներառված ֆուտբոլիստներից Շվեյցարիա չի մեկնել թիմի 17-ամյա նորեկ Էրիկ Սիմոնյանը, պատճառն առողջական խնդիրներն են, Երեւանում են մնացել նաեւ Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Արման Հովհաննիսյանը: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն էլ, որը եւս մեր ընտրանու նորեկներից է ու ապաքինվում էր վնասվածքից, ըստ ՀՖՖ-ի, Երեւան կժամանի այսօր ու հավաքականին կմիանա վերջինիս տունդարձից հետո։ Այսինքն՝ ամսի 28-ին եւ 31-ին Իսլանդիայի եւ Ռումինիայի դեմ երեւանյան խաղերին Սպերցյանը կլինի ընտրանու տրամադրության տակ։ 

Բնականաբար, Հայաստանի հավաքականի ամենամեծ կորուստը թիմի ավագի ու գլխավոր ռմբարկուի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն է, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա 3 հանդիպումները: Նկատենք, որ 2020 թ. Մխիթարյանը վնասվածքի ու կորոնավիրուսի պատճառով բաց է թողել հավաքականի 6 խաղերից 4-ը:

Այսօր ՀՖՖ-ն հրապարակել է մեր թիմի վերջնական հայտացուցակը խաղից առաջ: 23-հոգանոց ցուցակից դուրս են մնացել Հակոբ Հակոբյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վբեյմար Անգուլոն եւ Գևորգ Ղազարյանը:

Ֆուտբոլասերները երեւի կհիշեն, որ Հայաստանի ու Լիխտենշտայնի ազգային թիմերն առաջին անգամ հանդիպել են Ազգերի լիգայի 2018-2019 թթ․ խաղարկությունում։ 2018-ի սեպտեմբերի 6-ին մերոնք Երեւանում հաղթեցին 2-1։ Հայաստանի ընտրանու գոլերը խփեցին Մարկոսն ու Տիգրան Բարսեղյանը։ Նույն տարվա նոյեմբերի 19-ին Վադուցում գրանցվեց 2-2։ Մերոնցից աչքի ընկան Սարգիս Ադամյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։ Վերջին երկու հանդիպումները «Եվրո-2020»-ի ընտրական փուլում էին։ 2019-ի հունիսի 8-ին Երեւանում մեր թիմը հաղթեց 3-0՝ շնորհիվ Գեւորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի ու Տիգրան Բարսեղյանի գոլերի։ Նույն տարվա հոկտեմբերի 12-ին Վադուցում թիմերը բաժանվեցին 1-1 հաշվով․ մերոնցից աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։

Այսպիսով՝ Հայաստան-Լիխտենշտայն հակամարտությունում 4 խաղից 2-ում հաղթել է մեր ընտրանին, 2-ում էլ գրանցվել է ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 8-4՝ հօգուտ մեր հավաքականի։

Այսօրվա խաղը սպասարկելու են ավստրիացի մրցավարները՝ Յուլիան Վայնբերգերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը եւ Ռոլանդ Ռեյդելը։ Չորրոդ պաշտոնյան Քրիստոֆեր Յագերն է։ Հանդիպման մրցավարների տեսուչը Իգոր Ռադոյչիչն է (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդերլանդներ)։

Լիխտենշտայն-Հայաստան խաղին զուգահեռ կմեկնարկեն նաեւ 10-րդ ընտրական խմբի Գերմանիա-Իսլանդիա եւ Ռումինիա-Հս. Մակեդոնիա հանդիպումները:

Հիշեցնենք, որ եվրոպական 10 ընտրական խմբերի հաղթողներն անմիջապես իրավունք են ստանալու մասնակցել ԱԱ-2020-ի եզրափակիչ փուլին, որը կայանալու է 2022 թ. տարեվերջին Քաթարում: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած 10 թիմերը եւ Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության միջոցով ընտրված 2 հավաքականները, ընդհանուր՝ 12 թիմ, փլեյ-օֆ փուլում խաղարկելու են եվրոպական ընտրանիների համար նախատեսված վերջին 3 ուղեգրերը: Այսինքն՝ Եվրոպայից աշխարհի առաջնությանը մասնակցելու է 13 հավաքական:

Եթե Հայաստանի ազգային ընտրանին չկարողանա ընտրական այս փուլի ժամանակ զբաղեցնել իր խմբի գոնե երկրորդ հորիզոնականը (առաջին տեղի մասին չենք խոսում, քանի որ դրա գրեթե միակ հավակնորդը աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան է), ապա տեսական հնարավորություն կունենա փլեյ-օֆին մասնակցել Ազգերի լիգայի միջոցով. հիշեցնենք, որ մեր թիմն Ազգերի լիգայի իր խմբում գրավեց առաջին տեղը (Հայաստան, Հս. Մակեդոնիա, Վրաստան, Էստոնիա):

Բայց սա ընդամենը տեսական հնարավորություն է, քանի որ Ազգերի լիգայի միջոցով փլեյ-օֆին մասնակցելու հարցում մենք մրցակցելու ենք մյուս խմբերի հաղթողների հետ: Այս առումով, քանի որ Հայաստանի վարկանիշը բավականին ցածր է (14 հաղթողների մեջ 12-րդն ենք, տես նկարում), պիտի հուսանք, որ Ազգերի լիգայի այս վերջին խաղարկությունում խմբերում հաղթող դարձած ընտրանիներից գոնե 10-ը, որոնք մեզնից ավելի բարձր ցուցանիշ ունեն, փլեյ-օֆի ուղեգիր ձեռք կբերեն ԱԱ-2022-ի այս ընտրական փուլի միջոցով, եւ Հայաստանի ընտրանին կկարողանա դառնալ այն 2 երջանիկներից մեկը, որն Ազգերի լիգայի միջոցով կմասնակցի փլեյ-օֆին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter