
Մհեր Գրիգորյանն անդրադարձավ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման հարցին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին` խոսելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումներից:
«Կարծում եմ, որ առաջընթաց ունենք, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար»,-ասաց Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն հրավիրել է:
Աշխատանքային խմբում կան 2 ենթախմբեր, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հարցերի առնչությամբ:
Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց, թե ինչ ենթակառուցվածքների մասին է քննարկվում: Ինչին ի պատասխան Գրիգորյանը մանրամասնեց. «Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհի հարցը»:
Մհեր Գրիգորյանը սակայն ընդգծեց` դա չի վերաբերում «Կոմերսանտ» թերթում հրապարակված քարտեզին:
«Ըստ էության, սովետական ժամանակների գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասաց Գրիգորյանը:
Մեկնաբանել