HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Վահագն Դանիելյանին 2 տարի ժամկետով ազատազրկելու դատավճիռը բեկանվեց և փոփոխվեց․ դատավոր Գագիկ Հեբոյանի բողոքը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, կազմով՝ դատավորներ Արշակ Վարդանյանի և Մխիթար Պապոյանի, այսօր մերժեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոքը։

Նույն գործով մեղադրյալ, փաստաբան Վահագն Դանիելյանի պաշտպաններ Հենրիկ Մաղաքյանի, Գուրգեն Գրիգորյանի ներկայացրած բողոքները բավարարվեց մասնակի, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը Վահագն Դանիելյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանվեց և փոփոխվեց։ Մասնավորապես՝ Դանիելյանի նկատմամբ նշանակված 2 տարի ժամկետով ազատազրկումը փոխվեց, և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի, այսինքն՝ 200 հազար դրամի չափով։ Հաշվի առնելով  Դանիելյանի՝ նախկինում կալանքի տակ գտնվելու 1 ամիս, 5 օրը՝ դատարանը որոշեց Դանիելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել և վերջնական պատիժ նշանակվել նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի, այսինքն՝ 150 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, դատավոր Գագիկ Հեբոյանին մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու մեջ և դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման: Նույն գործով մեղադրյալ, փաստաբան Վահագն Դանիելյանին վերագրվող կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվել է կաշառքի միջնորդության, և Դանիելյանն, ինչպես արդեն նշվեց, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման: Դատավճռի հրապարակման պահին Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել գրավը, որը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ Հեբոյանը գտնվել է կալանքի տակ, և 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանում բողոքների քննության ընթացքում։

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքները Վերաքննիչ դատարան են ներկայացվել 2019-ի դեկտեմբերին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ քաղաքացի Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թ. մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Ըստ մեղադրանքի՝ դատավորը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 224 400 դրամին համարժեք 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ, խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օգնությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին:

Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է 2019թ․ մարտի 27-ին, որից հետո գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը բավարարվել է, ապա դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս պահին Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Փաստաբան Վահագն Դանիելյանը քննության սկզբնական շրջանում կալանքի տակ է եղել, ապա, ինչպես նշեցինք, գրավով ազատ արձակվել: Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Լուսանկարում՝ Վահագն Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter