«Անհասկանալի է, թե ինչպես է թափառող շների դեմ պայքարի համար տարեկան ծախսվում 180.000.000 դրամ»
Հարգելի պարոն Քաղաքապետ,
Ձեզ են դիմում «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ն, «Դինգո» կամավորների թիմը և Երևան քաղաքի տարբեր համայնքներում բնակվող մի խումբ բնակիչներ:
Խնդրում ենք սույն նամակը չդիտարկել որպես վերջնագիր, այլ սոսկ բարի կամքի դրսևորում: Ձեզ դիմելու բուն պատճառն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ ներկա լարված նախընտրական քաղաքական իրավիճակում մեր գործողություննրը կարող են դիտարկվել և օգտագործվել մի շարք քաղաքական ուժերի կողմից, ինչը բնավ մեզ հարկավոր չէ: Ուստի հայցում ենք Ձեր աջակցությունը հետևյալ հարցի լուծման շուրջ:
Տեսանյութից ակնհայտ է, որ թափառող կենդանիների դեմ պայքարի միջոցները և կատարվող անմարդկային գործողությունները, որոնք շարունական բնույթ են կրում արդեն վեց տարի, արվում են առանց Ձեր գիտության և պարունակում են նաև մի շարք կոպիտ իրավախախտումներ (տեսանյութը կարող եք դիտել այստեղ):
Պատկերը հետևյալն է. Երևանի քաղաքապետարանի Առևտրի վարչության ներկայացված թափառող կենդանիների դեմ պայքարի ծրագիրը ի սկզբանե պարունակում է անհիմն և իրար հակասող դրույթներ, որոնք կարող են դիտարկվել որպես պաշտոնական դիրքի չարաշահման և պետական գումարների վատման միջոցներ:
Մասնավորապես, վերջիններիս կողմից ներկայացված, թափառող կենդանիների ամենամյա թիվը չափազանց ուռճացվածէ: Չեն կատարվել որևէ հետազոտություններ, և նշված մոտ 46.000 թափառող շներն առհասարակ ֆիզիկապես չեն կարող գոյություն ունենալ Երևան քաղաքում: Ուստի անհասկանալի է, թե ինչպես է նրանց դեմ պայքարի համար տարեկան ծախսվում 180.000.000 դրամ:
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների Սևերցովի անվան ինստիտուտի 2010թ. հետազոտության համաձայն՝ 10.000.000 և ավելի բնակչությամբ Մոսկվայում հաշվարկվել է առավելագույնը 35.000 շուն: Ակնհայտ է, որ 1.000.000-անոց Երևան քաղաքում չի կարող գոյություն ունենալ 46.000 շուն:
Բացի դրանից՝ քաղաքապետարանի պատվերը կատարող «Յունիգրաֆ X» ՍՊԸ իր գործողություններով ոչ միայն աշխատում է անարդյունավետ, այլև վտանգի է ենթարկում Երևան քաղաքի բնակիչների անվտանգությունը՝ խախտելով տարրական սանիտարական նորմերը:
Վերջինիս ապացույցն է նրանց տրամադրված, Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող տարածքում առանց որևէ մշակման լցված ահռելի քանակի շների դիակների առկայությունը: Դրա մասին են փաստում ոչ միայն մեր կողմից արված տեսագրությունները, այլև մի շարք լրագրողների կողմից պատրաստված տեսանյութերը: Եվ սրանք միակ խախտումները չեն:
Ըստ մեզ՝ առկա են իրավախախտումներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Խնդրում ենք Ձեզ լինել նախաձեռնող սույն խնդիրը իրավապահ մարմիններին հանձնելու գործում:
Մենք այլևս չենք պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը և պատրաստ ենք անել հնարավորինս՝ այս խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար:
Հարգանքներով՝
«Փրկենք կենդանիներին» ԲՀԿ
«Դինգո» կամավորների թիմ
Երևան քաղաքի բանկիչներ
09.04.2012
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել