HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԱԽ քարտուղար. «Պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ հոկտեմբերի 19-ին է եղել»

«Պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի անվտանգության խորհրդի նիստում: Այդ նիստում է հնչել այն միտքը, որ մեր կարողությունները նույնիսկ 2-3 օրվա մեջ այլևս չեն հերիքելու»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ նիստին մասնակցում էին նաև ընդդիմադիրները:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ վերջինս պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստում ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, և հարցին՝ ինչու իշխանությունը չհակադարձեց այդ հայտարարությանն ավելի շուտ՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ հաշվի են առել ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը և որոշել, որ ավելի լավ է կենտրոնանալ աշխատանքների վրա, բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի:

«Էնպես չի, որ Օնիկ Գասպարյանի հայտարարությանն ի պատասխան ենք ասել, դրանից անցել է շատ երկար ժամանակ, երբ ես դրա մասին խոսել եմ: Հրադադարի առաջին՝ եռակողմ հայտարարությունը եղել է հոկտեմբերի 10-ին, պատերազմ դադարեցնելու գոնե երեք հրապարակային գործողություն է եղել: Պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ որ դրան ինտենսիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը: Այդ իսկ պատճառով պատերազմը շարունակվում էր: Ընդհանուր առմամբ՝ նույնիսկ ԱԽ՝ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու որոշմամբ՝ այդպես չի եղել, որովհետև պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ»,- ասաց նա:

Խոսելով «Սու-30»-ի հրթիռների ձեռքբերման մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ կործանիչի գնման ժամանակ գործընթացը դիտարկվել է ավելի երկար ժամանակով.

«Ձեռք բերվող զինամթերքն ու մնացած կարողությունները, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել, խնդիրը զուտ դրա մեջ էր: Այն հրթիռները, ինչ ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»:

Պատասխանելով հարցին՝ Շուշին հայկական է, թե ոչ՝ Արմեն Գրիգորյանն ասաց. «Շուշին, այո', հայկական քաղաք է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter