ՄԻՊ․ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին
2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը։
«Եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church): Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին։
Ակնհայտ է ևս մեկ փաստ. եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո: Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում:
Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաև BBC World News լրատվամիջոցի (Nagorno-Karabakh: The mystery of the missing church) տեսանյութը։ Այն ներկայացնում ենք ստորև։
Էկրանապատկերը՝ BBC- ի տեսանյութի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել