Նեթանյահուի կուսակցությունը հաղթում է Իսրայելի խորհրդարանական ընտրություններում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, քվեաթերթիկների 90 %-ի հաշվարկից հետո, հաղթում է մարտի 23-ին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Իսրայելական Kan ռադիոկայանի տվյալներով՝ քվեարկության ընթացքում կայուն կոալիցիայի և նոր կառավարության ձևավորումը քիչ հավանական է՝ 24-րդ գումարման Քնեսեթում մանդատների բաշխման պատճառով։ «Քվեաթերթիկների 90 %-ի հաշվարկից հետո, Նեթանյահուի աջակիցներն ստացել են 59 մանդատ, իսկ ընդդիմադիրները՝ 56 մանդատ»,- փոխանցում է ռադիոկայանը։ Վերջինիս կանխատեսմամբ «Լիկուդ» կուսակցության և նրա մոտակա մրցակից, ընդդիմադիր «Եշ Ատիդ» կուսակցության միջև մեծ տարբերությունը կպահպանվի բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, որը նախատեսվում է ավարտել ուրբաթ օրը՝ մարտի 26-ին։ Ներկայումս Քնեսեթի 120 մանդատներից 30-ը բաժին են հասնում «Լիկուդ»-ին, իսկ 18-ը՝ «Եշ Ատիդ»-ին։
Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երեքշաբթի՝ մարտի 23-ին կայացած ընտրություններին մասնակցել է 4,42 միլիոն մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 67,2 %-ը։ 2020 թվականի մարտին կայացած ընտրությունների արդյունքներով՝ պատգամավորները չէին կարողացել ձևավորել կոալիցիա, որը կկարողանար վերահսկել Քնեսեթի 120 տեղերի կեսից ավելին։ Այդ իսկ պատճառով հայտարարվել էին առաջին կրկնակի ընտրությունները, այնուհետ՝ երկրորդը։ Դա տեղի էր ունեցել Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ։
Լուսանկարը՝ Olivier Fitoussi/ Flash90
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել