Հյուսիսային Կորեան վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ իրականացրել է բալիստիկ հրթիռների փորձարկում
Հյուսիսային Կորեան մարտի 25-ի առավոտյան իրականացրել է բալիստիկ երկու հրթիռների փորձարկում։ Այդ մասին գրում է Kyodo News-ը։ Փորձարկումների իրականացումը գրանցել են Ճապոնիայի զինված ուժերը, ինչպես նաև Հարավային Կորեան և ԱՄՆ-ն։ Սա 2020 թվականի մարտից ի վեր առաջին դեպքն է, երբ Հյուսիսային Կորեան իրականացնում է բալիստիկ հրթիռների փորձարկում։
Տոկիոյի տվյալներով՝ արձակված հրթիռները անցել են մոտ 450 կիլոմետր ճանապարհ և ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի տարածքային ջրերի և բացառիկ տնտեսական գոտու տարածքում։ Հրթիռների արձակման արդյունքում որևէ վնաս չի արձանագրվել, սակայն Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ Փհենյանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության համար։
Նախորդ հանգստյան օրերին Հյուսիսային Կորեան իրականացրել էր փոքր հեռահարության մի քանի հրթիռների ստուգողական արձակումներ։ Այդ ժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն այդ գործողությունն անվանել էին «նորմալ ռազմական ակտիվություն»։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեայի իշխանությունները բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացրել են 2020 թվականի մարտի 29-ին։ Հոկտեմբերին Փհենյանում կայացած ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված էր Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 75-ամյակին, ցուցադրվել էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Արևմտյան լրատվամիջոցներն այդ հրթիռներն անվանել էին ամենամեծը, որը երբևիցե ցուցադրել է Հյուսիսային Կորեան։
Լուսանկարը՝ Lee Jin-man/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել