HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնելու, քաղաքացիներին ԲԴԽ դիմելու իրավունք տալու և այլ հարցերի մասին

«Նշանակման օրվանից ես փորձել և աշխատում եմ դատավորի երդմանը համապատասխան գործել և որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։ Լրագրողների հարցին՝ այնուամենայնիվ ճնշումներ լինո՞ւմ են, Հարությունյանը պատասխանեց, որ ճնշումներ, բնականաբար կարող են լինել և լինում են, սակայն կոնկրետ իր նկատմամբ չեն եղել այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ դիմել Բարձրագույն դատական խորհրդին։ Լրագրողները փորձեցին ճշտել վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելու վերաբերյալ Հարությունյանի դիրքորոշումը։ Դատավորը պատասխանեց, որ ինքն այդ մասին մամուլից է տեղեկացել, մանրամասներ չգիտի, բայց եթե, այնուամենայնիվ, դատավորի հասցեին որևէ սպառնալիք է եղել, ինքը, ինչպես ենթադրվում է, բացասական է գնահատում երևույթը։

Նշենք, որ դատավոր Մհեր Պետրոսյանը ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավորն է, ում նկատմամբ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ճնշումներ գործադրվել, սպառնալիքներ հնչել։

Ինչպես հայտնի է, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնել, ԲԴԽ-ին լիազորություն տալ գործը մի դատավորից վերցնել և մեկ այլ դատավորին հանձնել։

«Չեմ կարծում, թե նախագծի հեղինակները խորը իրավաբանական գիտելիքներ ունեն կամ գոնե, առնվազն, հետազոտություն են իրականացրել այդ նախագիծը կազմելիս։ Ոչ միայն ես, այլ նաև իմ գրեթե բոլոր գործընկերները համակարծիք են այդ հարցում, ըստ որում՝ ոչ միայն դատավորներն, այլ նաև փաստաբանները, նույնիսկ, եթե չեմ սխալվում, Արդարադատության նախարարությունը բացասական կարծիք է տվել այդ նախագծի մասին»,- անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ ասաց Դավիթ Հարությունյանը։

Վերջինս հիշեցրեց, որ նախագծի սկզբնական տարբերակում նախատեսվում էր, որ գործը մի դատավորից կարող է վերցվել և տրվել ավելի հմուտ դատավորի, որը քննադատությունների չդիմացող փոփոխություն էր, հետո նախագիծը փոխվեց և այժմ էլ նշվեց, թե մինչև դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցվել առավել բարդ գործեր քննող դատավորի։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ, իհարկե, կան մասնագիտացված դատավորներ, որոնք, օրինակ քննում են անչափահասների վերաբերյալ գործեր, կիբերհանցագործությունների վերաբերյալ գործեր, և այս տարանջատումը ամբողջ աշխարհում նորմալ է, սակայն առավել բարդ գործեր քննելու կատեգորիա, տարանջատման նման սկզբունք որևէ մեկին հայտնի չէ։

Թեև դատավորը չի հավատում, որ այդ դրույթը կարող է ուժի մեջ մտնել, այնուամենայիվ, եթե դա դառնա օրենք, Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ԲԴԽ-ն երբևէ չի կարողանա դատավորներին տարանջատել առավել բարդ կամ թեթև գործեր քննող դատավորների։ Դատավորն ասում է՝ թե՛ միջազգային պրակտիկայում, թե՛ ներպետական ինքը երբևէ նման տարանջատման սկզբունքի չի հանդիպել։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գործողությունների կդիմի դատավոր Հարությունյանը, եթե իրենից գործ վերցնեն։

«Եթե այս պայմաններում ինձնից գործ վերցնեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ, քանի որ դատավորից գործ վերցնելը և մեկ այլ դատավորի փոխանցելը հանցագործություն է, դա արդարադատությանը միջամիտություն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Լրագրողի հարցին՝ այսինքն օրենքի նախագիծ է մշակվել, որը հանցագործության տարրե՞ր է պարունակում, դատավորը կրկնեց, որ եթե այսօրվա պայմաններում որևէ պաշտոնյա կամ բարձրագույն դատական խորհուրդ, դատարանի նախագահ նման պահանջ ներկայացնի իրեն, ապա դա կլինի հանցագործություն։

«Իսկ այն, որ փորձել են այս երևույթին օրենսդրական տեսք հաղորդել, եթե անգամ նման պայմաններում օրենքն ուժի մեջ մտնի, ես, բնականաբար, չեմ համաձայնի»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող փաթեթների դրույթներից մեկով էլ նախատեսվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն տալ նաև քաղաքացիներին:

Դատավոր Դավիթ Հարությունյանն այս փոփոխությունը ևս անընդունելի է համարում։

«Ամբողջ աշխարհում ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը ստանձնում է «մեղադրողի դեր»՝ կարգապահական վարույթի շրջանակներում։ Ամբողջ աշխարհում դա միջնորդավորված է տեղի ունենում»,- նկատեց Դավիթ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ նախագծի հեղինակները կամ դրա կողմնակիցներն ասում են, թե քաղաքացուն նման հնարավորություն տալը անձի իրավունքներից է բխում։ Դավիթ Հարությունյանը հարց է բարձրացնում՝ արդյոք անձի իրավունքի՞ց է բխում մասնագիտական հմտություններ չունենալով՝ դատավորի նկատմամբ «մեղադրանք» պաշտպանելը։ Դատավորը կարծում է, որ քաղաքացուն նման իրավունք տալը ոչ միայն ավելորդ ծանրաբեռնելու է ԲԴԽ-ին, այլ նաև այդ երևույթը կարող է դիտարկվել որպես դատարանների անկախության նկատմամբ միջամտություն։

Հարությունյանը փորձեց ներկայացնել մի իրավիճակ, երբ, օրինակ, որևէ քաղաքացի դժգոհում է դատավորից, դատապարտվել է որոշակի ժամկետով ազատազրկման, դատավորն էլ գործի քննության ընթացքում, ենթադրենք, թույլ է տվել որևէ կարգապահական խախտում։

«Այդ անձը լինելու է «մեղադրողի» կարգավիճակում, դատավորն էլ՝ «ամբաստանյալի»։ Այդ անձը, կաշկանդված չլինելով թե՛ կարգապահական, թե՛ մասնագիտական որևէ նորմով, պետք է փորձի «մեղադրանք» պաշտպանել։ Եթե այս իրավիճակը որևէ մեկը պատկերացնում է, և համարում նորմալ, ապա խնդիր չկա՝ կապված այդ դրույթի հետ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter