HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում հրապարակվել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավճիռը

2007 թվականի հունվարին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով թուրք նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։ 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության կազմակերպմանը մասնակցել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Թուրքիայում անվանում են FETO և համարում ահաբեկչական կազմակերպություն։ Հեռահար կարգով մեղադրանք էր առաջադրվել նաև Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում։

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Ստամբուլի դատարանը Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Թուրքիայի ազգային անվտանգության վարչության Տրապիզոնի նահանգային մարմնի ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեին։ 

Տրապիզոն նահանգի ժանդարմերիայի նախկին ղեկավար Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։ Բացի այդ, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև լրագրող Էրջան Գյունը, որին մեղադրում են FETO-ին անդամակցելու մեջ։ Մի քանի այլ մեղադրյալներ էլ արդարացվել են։ 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակօս» թերթի խմբագրության մոտ՝ 17-ամյա թուրք ծայրահեղական Օգյուն Սամաստի կողմից։ Հաջորդ օրը ոստիկանությունը ձերբակալել էր Սամաստին և 2011 թվականին թուրքական դատարանը դատապարտվել էր 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման։ Դինքի սպանությունը հանրային մեծ արձագանք էր ստացել ոչ միայն Թուրքիայում և Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Նրա թաղման արարողությունը վերածվել էր բազմահազարանոց բողոքի երթի, որին մասնակցել են աշխարհի մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Թուրքական մամուլը բազմիցս առաջ է քաշել այն վարկածը, որ Դինքի սպանությանը մասնակցել են ծայրահեղական ազգայնական ուժերը, իսկ իրավապահ մարմինները ցուցաբերել են անփութություն, չձեռնարկելով միջոցներ հանցագործությունը կանխելու համար, չնայած իմացել են այդ մասին։ Հետաքննության ընթացքում պաշտոնից ազատվել են Ստամբուլի և Տրապիզոնի նահանգի մի շարք բարձրաստիճան ոստիկաններ։ 2015 թվականի հունվարին Ստամբուլի դատարանը Դինքի գործով ձերբակալման հրաման էր տվել Տրապիզոնի ոստիկանության երեք սպաների, որոնք մեղադրվում էին ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման մեջ։

Լուսանկարը՝ cpj.org-ից

Մեկնաբանություններ (1)

tlkatintsi
Մարդու անունը սխալ մի' գրեք - անունը Հրանդ Տինք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter