HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Հաղորդում է «Երկրորդ ալիքը»

Ջեմիլ Աքսու. ծնվել է Թուրքիայի Հոփայի շրջանի Բաշոբա (Խիգոբա) գյուղում՝ 1977թ: Քաղաքական հայացքների պատճառով ութ տարի բանտում է անցկացրել: 2008 թվականից լույս տեսնող «Բիր Յաշամ» ամսագրի խմբագիրն է: «Բիր Յաշամ» մշակութային և բնապահպանական ասոսացիայի ղեկավարն է: Ազատ լրագրող է: Նրա հոդվածները լույս են տեսնում Թուրքիայի թերթերում ու ամսագրերում:

Ջեմիլը էսսեն գրել է Վահան Իշխանյանի «Մուսուլման հայախոս համշենցիներ» նածագծի շրջանակում

Ըստ իս` գյուղի երեխաների «պատմությունը» դպրոցով է սկսվում: Որովհետեւ դպրոցն ամեն դեպքում «Դպրոց» է, այսինքն դա մի գործարան է, որ անգամ «վայրենուն»  է ձևավորում ու «քաղաքակրթում»՝ ըստ «շկոլայի»: Դպրոցը, շենքի գույնը, պարտադիր հանդիսացող համազգեստը, կարգապահական կանոնները… Հասակակիցներիս նման, իմ «պատմությունն» էլ դպրոցով է սկսվում:

Դպրոցի հենց առաջին տարիներից ստիպված էինք նոր լեզու սովորել… Մեր դասագրքերն ու ուսուցչի պատմածները բոլորն այդ լեզվով էին: Նրանց ում հաջողվում էր այդ լեզվով լավ խոսել, գովասանքի էին արժանանում թե՛ ուսուցիչների և թե՛ մեծերի կողմից:  Բոլորը նախանձելով, «սրա խոսելուն նայիր, իսկը ստամբուլցի է», ասում էին: Ուսուցչի ասած մի խոսքը չկարողանալ հասկանալ, և այդպես ճարահայտալ շուրջը նայել… Օրինակ՝ «թուալեթ» բառը մոռացած լինելու պատճառով չկարողանաս այդ լեզվով արտահայտել քո կարիքը, կամ էլ փորձես միտքդ արտահայտել այն լեզվով, որով տանը մորդ հետ ես խոսում… դրա պատճառով էլ նկատողության ես արժանանում… ամաչելով ու նեղվելով՝ աչքերով որոնում ես շուրջդ գտնվող ընկերներից մեկի օգնությունը… Այսպիսի բաներ մեր գլխին հաճախ էին գալիս: Իսկ ում գլխին որ գալիսէր, բոլորս քահքահ ծիծաղում էինք մեր ընկերոջ վրա:

Բաշոբայի դպրոցը, ուր սովորել է Ջեմիլը

Երբեք չեմ կարող մոռանալ: Նախակրթարանի երրորդ դասարանում էի,  մարզանքից հետո ուսուցիչն ինձ խնդրեց գնալ քարտեզների սենյակ և այնտեղից բերել հավլուն[1]: Վազելով գնացի: Խուճապով շուրջս եմ նայում, սենյակում լիքը բան կա: Արդյոք դրանցից ո՞րն է հավլուն: Գուցե այս քարտեզներից մեկն է ուզել, սակայն սրանցից որն էհավլուն: Ինձ օգնության հասավ բարձր դասարանցիներից մեկը. նրան հարցրեցի «ուսուցիչը հավլուն է ուզում, որտե՞ղ է»: Հենց դռան հետեւի մեխից կախված փեշքիրը ձեռքս տվեց: Պարզվեց հավլուն փեշքիրն էր;

Ինձ այնպես էր թվում, թե այդ լեզվով խոսողները գեղեցիկ, հարուստ, խելացի, երջանիկ, մի խոսքով՝ բոլոր ճիշտ հատկությունների տեր մարդիկ  էին:  Այդ պատճառով էլ հաճույքով էի սովորում այդ լեզուն, և լավ խոսել կարողանալու համար ջանք չէի խնայում: Սակայն, ամեն դեպքում, ավելի լավ էր քիչ խոսել: Ինչիս էր պետք, մի կոպիտ սխալի պատճառով ո՞վ կուզի խայտառակվել…

Այդ ժամանակներից ինձ մոտ մի այսպիսի հիշողություն է  պահպանվել. Դպրոցի դռանը մի հոպար, ով իմ հիշելով այն ժամանակ մեր գյուղապետն էր, ուսիցս բռնելով ինձ դուրս բերեց և սկսեց հարցեր տալ: Անունդ ի՞նչ է, ո՞ւմ տղան ես, և նման բաներ: Մեկ էլ, «ասա տեսնենք հպատակությունդ, ազգությունդ ի՞նչ է», ասելով հարցրեց… Մինչ այդ պահը երբեք այդպիսի հարցի չէի հանդիպել: Հպատակության և ազգության միջև տարբերությունը որն էր, ինչո՞ւ գյուղապետն ինձ այդպիսի հարց տվեց… Չկարողացա հասկանալ: Այդ հոպարն ինքն իր հարցին պատասխան տվեց. «Ազգությունդ համշենցի է, հպատակությունդ՝ թուրք», ասաց ու գնաց:

Այդ ժամանակ ես այդ խոսքերի մասին երկար չմտածեցի:  Ես ուրախ էի որ ազատվեցի հարցուփորձից, և վազելով հեռացա այդտեղից:

Մենք գիտեինք որ համշենցի ենք, իսկ դիմացի գյուղացիները` լազ:  Մենք նրանց «լազ, խելքը պակաս» էինք ասում: Մեր մեջ այդպես կատակում էինք: Սակայն նրանց չէինք էլ ճանաչում: Մեզ համար, մեր լեզվով չխոսող ուրիշները լազ էին:  Նրանք լավ էլ թուրքերեն էին խոսում: Նրանք մեզ վայրենի, կոպիտ, անդաստիարակ, անմշակույթ մարդկանց տեղ էին դնում, կամ էլ մեզ մոտ այդպիսի տպավորություն էր ստեղծվել: Երբ ընդունվեցի լիցեյ, դասարանում այդ գեղեցիկ թուրքերեն խոսող, լավ հագնված, բասկետբոլ խաղացող, տոստ և համբուրգեր ուտող, կոլա խմող, փոփ լսող և երեկույթների գնացող քաղաքի մարդկանց հետ հավաքվել էինք նույն հարկի տակ: Մենք մինչև նրանց ճանաչելն ասում էինք «Լազ խելքդ պակաս», իսկ ճանաչելուց հետո…

Այն գյուղում որտեղ ես մեծացել եմ լազության, համշենցիության նման հասկացությունների վերաբերյալ քննարկումներ չէին լինում:  Երբ ականջ էինք դնում մեր «մեծ եղբայրների» խոսակցություններին, հիմնականում «հեղափոխություն, սոցիալիզմ, կուսակցություն, հեղափոխականություն, Մարքս, Լենին» բառերն էինք լսում: Հետաքրքրվում էինք. մեր «մեծ եղբայրների» բարձերի, անկողինների տակ թաքցրած ամսագրերը առաջին իսկ հնարավորության դեպքում վերցնում էինք, թերթում էջերը, մուգ տառերով գրված տողերն  ընթերցում: Հետո կարդում էինք տների, դպրոցների պատերին գրվածները, անգիր էինք սովորում դրանք: «Միակ ճանապարհը հեղափոխությունն է» , «Միասնությունն ապրում է», «Դև-գենչ» («Հեղափոխական երիտասարդ»)… Մեր մեծերի ամենամռայլ, ամենաթախծոտ զրույցները «80-ականներում ինչ քաշեցինք…» նախադասությամբ էին սկսվում… Եւ  «Հիմիկվա երիտասարդները բանի պետք չեն» ու նման գանգատներով շարունակվում էին:

Այս խոսքերն ու խոսակցություններն էին, որ հետագայում ազդում էին դեպի երիտասարդություն մեր կատարած քայլերի և խոսքերի վրա: Մենք էլ արդեն «ակտիվիստ» էինք դարձել, և ինքներս մեզ «հեղափոխություն և սոցիալիզմ» պայքարին էինք նվիրել: Այդ պայքարում լազ, համշենցի խտրականություն չկար. «բոլոր ճնշված ազգերը եղբայրներ» էին, բուրժուական դասակարգը` «թշնամի»: Լազ-համշենցի հակամարտություն առաջ քաշողը «հետադիմական» էր. այսպիսի բաները վնաս էին հասցնում «հեղափոխությանը»…

Մինչդեռ հասարակության մեջ «երկրորդ ալիքին» (Թուրքերենից բացի այլ լեզվով խոսելուն այդ անունն էր տրվել) անցնելը ամոթ էր համարվում, դպրոցներում էլ շարունակում էին քարոզել՝ «տանն էլ թուրքերեն խոսեք»: Այդուհանդերձ, թուրքերենի դասերից ցածր միավորներ էինք ստանում: Ավտոբուսում բարձր ձայնով «երկրորդ ալիքից» խոսելու դեպքում, հայացքները շրջվում էին դեպի քեզ՝ «ով է այս անկիրթը»…

Հետո, հետո մի դեպք պատահեց… Մի լազ արվեստագետ իր ձայնասկավառակում համշեներեն երգեր երգեց: Այն էլ հազարավոր մարդկանց աչքի առաջ: Ամեն տեղ նվագում ու երգում էին այդ երգերը… Մանավանդ որ այդ երգերը շատ մարդկանց էին ոգևորում, թեկուզ առանց բառերի իմաստը հասկանալու: Ոչ ոք այդ լազ տղային չէր մեղադրում «երկրորդ ալիքից» երգեր երգելու համար, նրան չէին քննադատում անքաղաքակիրթ լինելու մեջ:

Հետո, հետո մի դեպք էլ պատահեց… Այն մարդիկ, ովքեր տիրապետում էին «երկրորդ ալիքին», բայց չէին կարողանում այն ամեն տեղ օգտագործել, կարծես թե մեծ բեռից էին ազատվել: Ամեն տեղ սկսեցին այդ «երկրորդ ալիքով» երգեր երգել և իրենց շուրջպարը (հորոն) պարել: Հետո էլ սկսեցին գիտակցել մայրենի լեզվից օտարանալու հետևանքով իրենց ապրած ցնցումը, և սկսեցին մտածել դրա մասին: Այո, կանգ առան ու սկսեցին մտածել ժամանակի ընթացքում իրենց մեջ առաջացած մոռացոության, իրենց հոգիներում տեղ գտած դատարկության մասին…

Մարդու անհատականությունն առաջ է գալիս մոտավորապես իր մեջ ծնված և իր ընտրած ինքնությունների միջեւ եղած ներդաշնակությունից: Ինքնությունները՝ մարդուն և իր տեսակին հատուկ առանձնահատկությունները, հիշողությունները, ցանկությունները պահող  ապաստարաններ են: Անշուշտ, ժամանակի ընթացքում մենք կորցնում ենք որոշ ապաստարանների անհրաժեշտությունը և դրանք այլեւս չենք օգտագործում: Սա նախընտրության հարց է: Սակայն երբ մեր որևէ ապաստարանից ազատվելու մասին որոշում են ուրիշները՝ իշխանությունները, այդ դեպքում անհատը ասես կորցնում է իր մարմնի որևէ մասը:  Կտրած ձեռքի նման կզգանք դրա բացակայությունը: Թեկուզ երազում էլ լինի, երբեմն մեզ կթվա որ այն կա, սակայն իրականում այն չկա…

Առանց «Երկրորդ ալիքով» խոսելու անցած տասը տարիների ավարտին՝ այս ամենը ընկել էր իմ գիտակցության փոսի մեջ… Ես վերջապես հասկացա, որ երբ ինչ-որ մեկին ասում ես «seni seviyorum» (թուրք. սիրում եմ քեզ) և «քեզի հազ գենիմ» (համշ. սիրում եմ քեզ) տարբեր բաներ են: Սեր, կարոտ, բարեկամություն, միություն, ճակատագիր… երկու լեզվով էլ, հատկապես թուրքերենով ավելի շատ էի կարողանում արտահայտել, սակայն «երկրորդ ալիքով» բառի բուն իմաստով կարողանում էի ասել… Բայց արդեն «երկրորդ ալիքն» էլ շատ քիչ էի կարողանում խոսել…


[1]Ժամանակակից թուրքերենում «հավլու» բառը նշանակում է «սրբիչ»: Իսկ «փեշքիր» բառն այժմ այդքան էլ չի օգտագործվում:

Թուրքերենից թարգմանեց Լիլիթ Խաչատրյանը

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանություններ (2)

Mehmet
I grew up all my life as a Hamshentsi, speak fluent Hamshen Armenian dialect and like my axbar Cemil I am proud of who and what I am. I am not a Turk , I am a Turkish Citizen of Hamshen Ermeni people and no longer am I amshed to say I am Hamshen Armenian, on the contraray I am very proud to say Yes sad sad Hazganim Imi HamshenErmeni agzin.
Levik
Great insights. Good luck to Cemil and the other Hopa Hamshens, especially the youth in the process of rediscovering their true roots.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter