
«Քեյս». երբ հանուն փողի համաձայն ես կորցնել մարդկային դեմքդ՝ անցնելով ցավի ու նվաստացման միջով
Ի՞նչ կպատահի, երբ հասկանաս մի օր, որ դիպվածը քեզ պարգեւել է անսահման հնարավորություն հարստանալու, իշխելու՝ այլոց ստորացնելու, ցավեցնելու գնով: Ի՞նչ կանես դու, երբ այդ հնարավորությունը ճամպրուկի՝ քեյսի տեքսով, ինչ որ մեկը մատուցի քեզ: Ո՞վ կլինես դու, ճակատագրի կողմից գայթակղիչ այդ պարգեւը ստանալուց հետո: Քեյս՝ ճամպրուկ, լի ընդամենը մեկ հնարավորությամբ՝ հարստության տեր դառնալ դիմացինին ֆիզիկական եւ բարոյական ցավ պատճառելու, սեփական մարդկային դեմքն ու խիղճը կորցնելու հաշվին: Դու այն կվերցնես ու հոգիդ կհանձնե՞ս սատանային: Պատրա՞ստ ես արդյոք մինչեւ մրուրն ըմպելու ստոր ցանկություններով լեցուն գավաթը:
Երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քեյս» 2 գործողությամբ ֆարսը ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի մեկնաբանմամբ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում է: Հանդիսատեսի աչքի առաջ ծավալվող իրադարձությունների սկիզբը ոչինչ չի ասում այն մեծ ողբերգության մասին, որ պիտի ապրեն հերոսներն իրենց որոշման արդյունքում:
Ջոնսոն ամուսիններն ապրում են սովորական, համեստ կյանքով: Մարկը գրող է, չունի կայուն եկամուտի աղբյուր, միակ երազանքն ապագա գրքերի վաճառքից ստացվելիք շահույթն է, որով պատրաստվում է ապահովել ընտանիքի բարեկեցությունը: Ապրում են կնոջ՝ Եվայի աշխատավարձով եւ Եվայի հոր՝ պատերազմի վետերան, հաշմանադամ ծերուկ Թոնիի թոշակով: Ոչնչով աչքի չընկնող, միջին վիճակագրական ընտանիք, մինչեւ այն պահը, երբ հայտնվում է Դեյմոն Քեյսն իր «դատարկ» ճամպրուկով եւ հստակ առաջարկով:
«Շատերն են ինձ հարցնում, իսկ ինչու՞ քեյս: Իհարկե հանդիսատեսը բեմում տեսնում է ճամպրուկ, իսկ դրամատուրգի ու ստեղծագործական խմբի համար, դա կյանքում մեր ունեցած հնարավորություններն են,-ասում է ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը,-մեզանից շատերը կյանքի ընթացքում հայտնվում են տարբեր իրավիճակներում: Մեզ հնարավորություն է տրվում կատարելու ճիշտ կամ սխալ ընտրություն: Այստեղ որոշում կայացնելու ազատությունը քոնն է, նաեւ սխալվելու՝ իհարկե, բայց այնպես, որ չվնասես այլոց: Այս դեմքում, դա քեյսն է, քո հնարավորությունների ամփոփ պատկերը, քո կողմից օգտագործվող հնարավորությունները»:
Երբ դու շանս ես ստանում հասնել ավելիին, քան ունես, պիտի նայես, թե անցնելիք ճանապարհդ արդյո՞ք չի ոտնահարում մյուսների զգացմունքներն ու իրավունքները: Ահա, նման փորձության առաջ են կանգնում Ջոնսոն ամուսինները չարաբաստիկ ճամպրուկի տանը հայտնվելու հաջորդ վայրկյանից: Մարկին թողնելով քեյսը՝ Դեյմոնը հեռանում է, սակայն ոչ անվերադարձ: Նա վերադառնալու է եւ վերադարձին պետք է ստանա Մարկի սկսած ու կիսատ թողած գրքի արդեն ավարտուն տարբերակը: Երիտասարդ գրողը մեծահարուստ Դեյմոն Քեյսին խնդրել էր հովանավորել գործը: Սակայն գումար վաստակելու այլընտրանքային ճանապարհը Մարկի մեջ մեռցնում է գրողին, երազողին՝ արթնացնելով մարդու ներքին, թաքնված առավել ստորագույն բնազդները:
«Բայց ափսոս, որ գրողը մեռավ՝ իր հետ գերեզման իջեցնելով մի շարք սկզբունքներ,-քմծիծաղով նկատում է Դեյմոն Քեյսը՝ դիմելով Մարկ Ջոնսոնին:- Պատմե՞մ քո ու կնոջդ կեղտոտ խաղերի մասին: Է՜, Մարկ Ջոնսոն, դու այդպես էլ չճանաչեցիր մարդ արարծին: Այո, զարմանալի բան է կյանքը, շատ զարմանալի: Խոճկորները բարոյականության նորմեր են սովորեցնում փոքրիկ կարապներին: Բայց գիտես չէ՞, բավական է նրանց մի լավ կերակրել ու նրանք կմոռանան այդ նորմերի մասին, կվերածվեն ճարպակալած խոզուկների: Էհ, տխուր է, տխուր նայել խղճուկ բարոյախոսների դեմքին, որոնք միայն խոսել գիտեն, ոչինչ ավելին: Քեզ համար հեշտ է չէ՞ խոսել բարոյականության ու հավասարության մասին, քանի դեռ գրպաններդ դատարկ են: Հա, ի դեպ, իսկ դու նկատե՞լ էիր, որ քեյսի մեջ հայելի կա, հա՞, նկատե՞լ էիր...Իսկ երբեւէ նայել ես այդ հայելուն: Լսիր, ինչի՜ ես նման, ու՜ր է մարդու հանդեպ ունեցած քո վստահությունը, քո սկզբունքները, թե՞ դրանք չէին էլ եղել: Դու նույն ծախու, ագահ, խոզակերպ մարդն ես: Դու նույնքան դատարկ ես, որքան քեզ նման ողորմելի, անողնաշար բարոյախոսները»:
Պիեսի բեմադրական աշխատանքները սկսվել էին դեռ անցած տարի՝ համավարակի օրերին, երբ թույլատրվեց մշակութային կենտրոններին աշխատել: Աճեմյանցիները 155-րդ թատերաշրջանը որոշել էին նշանավորել երեք ներկայացմամբ, սակայն սկզբում համավարակը, հետո պատերազմը խառնեցին բոլոր ծրագրերը: 2020թ-ի հոկտեմբերին՝ պատերազմի թեժ օրերին, թատրոնը հանդիսատեսի համար բացեց դռները, խաղացին Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը: «Քեյս»-ն այդպես էլ բեմ չբարձրացավ, թեպետ պատրաստ էր: Ներկայացման առաջնախաղը կայացավ 2021թ-ի մարտի 7-ին:
«Մեր ընտրած երեք պիեսներն էլ շատ արդիական են իրենց ասելիքով, նաեւ մտածելու, խորհելու տեղիք են տալիս: Երկուսը խաղացել ենք, երրորդի առաջնախաղը սպասվում է,-նշում է Լյուդվիգ Հարությունյանը.-«Քեյս»-ի ասելիքը արդի է բոլոր ժամանակներում: Մենք անընդհատ ընտրության առաջ ենք: Մեզ կյանքը բազում հնարավորություններ է ընձեռում, շատ են տարատեսակ գայթակղությունները եւ մենք մշտապես կանգնած ենք ճիշտ ընտրություն կատարելու խնդրի առաջ: Տեսե'ք, Մարկն ու Եվան, երբ հասկացան, թե ինչի դիմաց է քեյսն իրենց փող տալիս, կարող էին հրաժարվել նրանից, սակայն հեշտ հարստանալու միտքը, թեկուզև սեփական անձին կամ ուրիշին ֆիզիկական ցավ պատճառելու գնով, նրանց չկանգնեցրեց: Եվ, ցավոք, գայթակղության բաժակն ըմպելու հարցում կինը գերազանցեց տղամարդուն»:
Ռեժիսորի որոշմամբ՝ «Քեյս»-ի գլխավոր հերոս Մարկին մարմնավորում են երեք երիտասարդ դերասաններ: Ըստ Լյուդվիգ Հարությունյանի՝ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում Մարկին, թեպետ սյուժեն նույնն է, սակայն հանդիսատեսին թվում է, թե ամեն անգամ նոր ներկայացում է դիտում: Ներկայացման առաջին տարբերակում, որով պիտի անցած տարի բեմ բարձրանար ներկայացումը, ռեժիսորը որոշել էր հեռանալ այնքան ընդունված «ուրախ վերջաբան» հասկացությունից: Ըստ առաջին տարբերակի՝ Մարկը հեռանում է, թողնելով կնոջը այրված թղթադրամների կույտի մոտ ծնկաչոք՝ չներելով նրան դեռ սաղմանային վիճակում գտնվող զավակի սպանությունը:
«Պատերազմը շատ բան սրբագրեց, այդ թվում եւ ներկայացման վերջաբանը, ինչպես նաեւ՝ որոշ տեքստային հատվածներ,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը.-պատերազմից հետո ես որոշեցի ավելի պայծառ վերջաբան ունենալ: Որ հանդիսատեսը հավատա վաղվա օրվան: Եթե առաջին տարբերակում ընտանիքը փլուզվում է, այս տարբերակում Մարկը որոշում է մնալ կնոջ կողքին, գրում եւ հրապարակում է սեփական պատմությունը: Փոխված տարբերակում ամուսիններն իրենց մեջ ուժ են գտնում միմյանց ներելու: Իսկ քեյսը...եթե նկատեցիք մեր մոտ դերասանների խոնարհումը կարծես ներկայացման շարունակությունը լիներ, եւ գայթակղության խորհրդանիշ քեյսն էլ դրվեց բեմեզրին, ու եղավ մարդ, որ այն վերցրեց...կյանքն է այդպիսին»:
Մեկնաբանել