HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արցախի Ճարտար համայնքում անասնապահությունը լուրջ վնասներ է կրում

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում Վարդան Քամալյանին գրեթե բոլորն են ճանաչում: Արդեն 3 տարի է այծի պանրի արտադրությամբ և մսի վաճառքով է զբաղվում: Նոր-նոր սկսել էր եկամուտ ստանալ, այծերի թիվն ավելացնել, սակայն 2020թ. սեպտեմբերյան պատերազմից հետո տնտեսության վիճակը վատացել է: Այծի պանրի և մսի իրացման ծավալների կտրուկ նվազումը, արոտավայրերի կրճատումը Վարդանին և անասնապահությամբ զբաղվող այլ մենատնտեսներին ստիպում է կրճատել անասունների գլխաքանակը: 

«Արցախում շուկան արդեն մեռել ա, թե' մսի հարցով, թե' պանրի: Պատերազմից հետո ով վերադարձել ա Ղարաբաղ, աղքատ ա, այծի պանիր կամ միս չի առնի, ուտի: Բայց վախտին սովորել էին, 2-3 կիլոյով մարդիկ առնում, ուտում էին: Հիմա բոլորն էլ պետության հույսին մնացած մարդիկ են: Սպասում են, թե երբ պետությունը պիտի փող տա, որ մի բան առնեն, ուտեն»,-ասում է Վարդանը:

Պատերազմից հետո գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ անասնապահությունն Արցախում շատ է տուժել: Տարածքների կորստի հետեւանքով կրճատվել են արոտավայրերի, խոտհարքների տարածքները: Բացի այդ, հարթավայրերում մշակվող արտերն ավելացել են՝ է'լ ավելի ծանրացնելով անասնապահների վիճակը:

Ճարտարում նաև խոշոր եղջերավոր անասուններ են պահում: Եթե ամռանը հնարավոր է մի կերպ անասուններին պահել, ապա ձմռանը՝ ոչ: Վարդանի խոսքով՝ խոտհարքային տարածքների կրճատման պատչառով հնարավոր չէ ձմռան համար խոտ հավաքել, պահեստավորել: Ասում է՝ գլխաքանակի կորուստ ունենալու են, անասունների մեծ մասը ստիպված մորթելու են:

Ճարտարը եղել է Արցախի ամենամեծ գյուղը: Քաղաքի կարգավիճակ է ստացել 2014թ. նոյեմբերին: Այստեղ զարգացած է անասնապահությունը:

Վարդանն ասում է, որ այծի պանիրը համեմատաբար թանկ է՝ 3000 դրամ: Նախադրյալներ կային, որ տարեկան 1 տոննա պանիր էր արտադրելու, սակայն այժմ անորոշության մեջ են: 

Ներկա պահին ունի 190 գլուխ այծ, որից 110-ը մայր է: 150 գլուխ էլ ուլ ունի: Պատերազմի օրերին Վարդանի 150 գլուխ այծը կորել է: Ինքը եղել է դիրքերում, այծերին հայրն է տիրություն արել: Մի քանի օր գոմում պահելուց հետո հայրը որոշել է այծերին դաշտ տանել: Ռմբակոծության ձայներից այծերը փախել են: Մի մասը դաշտից վերադարձել է, իսկ 150 գլուխն՝ անհետացել:

«Լավ, դա էլ ջհանդամը, ներկա դրությամբ գլխաքնակը լավ է տնտեսություն զարգացնելու համար, բայց դժվարություններն իրար հետևից են գալիս: Օգնողի հարց էլ կա: Մարդ չեմ կարողանում գտնել, որ մեր հետ գա, գումարով այծերին պահի: 5000 դրամ փող են ուզում, ես էլ այդքան փող չունեմ, 3000 դրամ եմ տալիս, չեն համաձայնվում»,-հավելում է Վարդան Քամալյանը:

Պատերազմի պատճառով Վարդանն այս տարի գարի չի ցանել: Ունի նաև խոզեր, որոնց կերը դժվարությամբ է գնում: Ճարտարում այժմ խոզի կերը վաճառվում է կիլոգրամը 130-140 դրամով, իսկ մինչև պատերազմը 100 դրամ է եղել:

«Այն ժամանակ խոզի միսը 2500-2800 դրամով էի ծախում, հիմա կերը թանկ ա, պիտի թանկ ծախեմ, բայց թանկն էլ առնող չի լինի: Եթե էժան էլ տամ, ծախսը չի հանի: Ստացվեց, որ պահեցինք, վնաս կրեցինք»,-ասում է Վարդան Քամալյանը:

Վարդանն այծերը գնել է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի օգնությամբ: Այժմ հիմնադրամին պարտք է 12 մլն դրամ: Ասում է, որ գումարի պահանջ չի եղել, իրենց նեղություն չեն տալիս այդ հարցով, բայց միևնույն է, այդ գումարը վճարելու պարտականություն ունեն:

«Իրենք էլ չեն ուզում, որ մենք անասուն վաճառենք, գլխաքանակ կրճատենք, բայց դե մեր հնարավորությունը չի հերիքում արդեն: Հիմնադրամին դիմել եմ, որ սարքավորումներով աջակցեն, նորմալ պանիր արտադրեմ, ես ինքս արտադրությունը կստեղծեմ, պարտքերը կվճարեմ»,-ասում է Վ. Քամալյանը:

Սարքավորումների կարիք զգացվեց, երբ Արցախում կտրուկ նվազեցին իրացման ծավալները: Վարդանն ասում է, որ Արցախում արդեն սովորել էին առանց պիտակի, բրենդավորման պանիր գնելուն: Մտածում էր, որ նույն կերպ կլինի նաև Հայաստանի շուկայում, սակայն այդպես չէ:

Պատերազմի օրերին Վարդանը դիրքերում ծանոթացել է երևանաբնակ Մուշեղ Միդոյանի հետ: Երբ ամեն ինչ հանդարտվել է, փորձել է այծի պանիրը Մուշեղի օգնությամբ Հայաստանում իրացնել: 

Մուշեղը պատմեց, որ այդ ծանոթությունների շրջանակում Հայաստանում կարողացել են վաճառել Արցախից բերած 10 տոննա նուռ: Մտածում էին, որ նույն կերպ կվաճառեն նաև պանիրը:

«Պանրի դեպքում դժվարություններ առաջացան:  Մարդիկ ուզում են, որ ապրանքը լինի բրենդավորված, պիտակավորված, քանի որ շուկայի պահանջն է այդպիսին: Դրա համար սարքավորումներ են անհրաժեշտ, ինչը արցախցիները չունեն»,-ասում է Մուշեղ Միդոյանը և հավելում, որ Սոցիալական ձեռներեցների դպրոցի թիմի հետ կարողացել են օնլայն վաճառք կազմակերպել և իրացնել Վարդանի այծի պանիրը՝ 150 կգ:

Վարդան Քամալյանը ևս ցանկանում է պատշաճ ապրանքային տեսքով պանիր վաճառել և աջակիցներ է փնտրում: Ասում է՝ եթե սարքավորումների հարցը լուծվի, արտադրելու թույլտվություն ունենա, հանգիստ կկարողանա Հայաստանի շուկայում էլ կաթնամթերքն իրացնել: Իսկ այժմ մարդիկ խուսափում են գնել, թեև, ըստ Վարդանյի, իր ապրանքը չի զիջում փաթեթավորված ապրանքի որակին:

Այծերի կաթն այժմ նորածին ուլերն են ուտում: Մոտ մեկ ամսից կիթը կսկսվի, ու Վարդանը դեռ չգիտի, թե ինչպես է իրացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter