
Այսօր՝ Հայաստան-Իսլանդիա. մեր թիմը երբեւէ գոլ չի խփել կղզեբնակներին
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը:
Եվրոպական գոտու 10-րդ ընտրական խմբում այս պահին Գերմանիան, Ռումինիան եւ Հայաստանը 1-ին տուրից հետո վաստակել են 3-ական միավոր, իսկ Հս. Մակեդոնիան, Լիխտենշտայնը եւ Իսլանդիան միավոր չունեն: Հիշեցնենք, որ մեր ընտրանին Վադուցում 1-0 հաղթեց Լիխտենշտայնին, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0-3 հաշվով զիջեցին աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիներին:
Իսլանդիայի հետ նախկինում հանդիպել ենք 3 անգամ։ Առաջին երկու մրցավեճերը պաշտոնական էին։ «Եվրո-2000»-ի ընտրական փուլում՝ 1998 թ․ հոկտեմբերի 10-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1999-ի հունիսի 5-ին Ռեյկյավիկում դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով։ Մեկ խաղ էլ կայացել է Մալթայի մրցաշարում՝ 2008-ի փետրվարի 6-ին Տա Քալիում, երբ իսլանդացիները կրկին առավելության հասան 2-0 հաշվով։
Այսպիսով՝ հայ-իսլանդական 3 խաղերից 2-ում հաղթել է մրցակիցը, գրանցվել է 1 ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 4-0՝ հօգուտ կղզեբնակների։
Ներկա պահին մեր ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 99-րդն է, իսկ Իսլանդիան՝ 46-րդը:
Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը եւ Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան Յուջին Ջայան է։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կսկսվեն նաեւ Հս. Մակեդոնիա-Լիխտենշտայն եւ Ռումինիա-Գերմանիա հանդիպումները:
Մեկնաբանել