HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին Մաշտոցի պուրակում անվճար կտրամադրի հացենու տնկիներ

Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է fraxinus)։ Սիրով հրավիրում ենք ձեզ, ձեր ընկերներին, ազգականներին այցելել (բահերով) Երևան քաղաքի Գլխավոր պողոտային հարող Մաշտոցի պուրակ՝ տնկիներ վերցնելու համար։

Ձեր կողմից ակնկալում ենք ընդամենը այն տեղեկությունը, թե ում հետ եք ցանկանում տնկել ծառը և ինչ անուն կուզեիք տալ ձեր տնկիին։ Բոլոր տնկիները՝ որպես բնապահպանական արվեստի գործեր, կաճեն այն տեղերում, որոնք կընտրեք դուք ինքներդ։

Հանդիպման վայրը` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Մաշտոցի պուրակ
Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00 -16:00

Վերը նշված վայրում ձևավորվելու է «գրասենյակ», բաղկացած սեղանից և աթոռներից, որին մոտենալով՝ դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաև ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու և դրանց խնամքի վերաբերյալ։

Տնկիների բաշխման բնապահպանական, արվեստի հետ զուգորդված այս ընթացքը կնկարահանվի` հետագայում վիդեո ինստալյացիայի ձևաչափով ցուցահանդեսում ներկայացվելու նպատակով։

Հանրային այս պերֆորմանսը դիտարկում է շրջակա միջավայրի փոփոխությունները և տրանսգենային բույսերի օգտագործումը առևտրային նպատակով։ Սննդի համար գործածվող բույսերի բազմաթիվ տեսակներ այլևս «բնօրինակներ» չեն, այլ բուծված են տրանսգենային սերմերից։ Արվեստի այս աշխատանքը հղում է խնդրի հասարակական, քաղաքական և առողջության հետ կապված հետևանքներին. խնդրի «ուժային» լուծումը տրվում է հօգուտ առևտրային շուկայի։

Աննա-Լեա Կոպպերին նպատակ ունի իրազեկել հանրությանը ժամանակակից բնապահպանական արվեստի բովանդակության և միջոցների մասին։ Նրա արվեստի գործերն ուղիղ կապի մեջ են բնապահպանության և մարդկային արժեքների հետ, նրանք ի զորու են ազդել հանդիսատեսի վրա, փոխել նրա մտածելակերպն ու գործողությունները։

Աննա-Լեա Կոպպերին միջազգայնորեն հայտնի արվեստագետ է Ֆինլանդիայից: Ներկայումս նա Երևանում է, աշխատում է կոնցեպտուալ արվեստի ոլորտում` կիրառելով բազմազան մեդիաներ։ Նա Երևան է ժամանել բաց սրտով ու մտքով` ծանոթանալու հայկական արվեստի դաշտին:

Աննա-Լեա Կոպպերին առավել ճանաչված է իր բնապահպանական, ինտերակտիվ աշխատանքներով և տարածական քանդակներով։ Իր «տեղին բնորոշ» ինստալյացիաներում Կոպպերին ուսումնասիրում է շրջակա միջավայրը և դրանում առկա իրավիճակներին վերաբերող հղացքներ` նյութի, լույսի և փոխգործողության միջոցով։ Նրա պերֆորմանսների, ինստալյացիաների և քանդակների ստեղծման վրա իրենց ազդեցությունն են ունենում բնապահպանական, պատմական և հասարակական ասպեկտները։

Սկսած 1990-ականներից՝ Աննա-Լեա Կոպպերիի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Եվրոպայում և Ասիայում։ Նրա որոշ քանդակներ մշտական կերպով տեղադրված են Եվրոպայում։

«Տնկիներ` անվճար» փոխգործողության հանրային պերֆորմանսը նա իրականցրել է նաև Ֆինլանդիայում և Հնդկաստանում 2011 թ.։

Այս նախագիծը հղացել է «Արտ կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի (ACSL) շրջանակում (www.acsl.am), արտիստական ղեկավար` Սուսաննա Գյուլամիրյան, համագործակցությամբ Արփինե Գալֆայանի։ Տնկիներն անվճար տրամադրում է Հայաստանի ծառատունկ ծրագիրը (Armenia Tree Project):

Աննա-Լեա Կոպպերի
Արփինե
Գալֆայան
Սուսաննա
Գյուլամիրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter