Երևանում երեխաներն ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ծխելու
Այսօր Երևանի թիվ 78 դպրոցի մի խումբ աշակերտների նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում իրականացվեց ակցիա՝ ուղղված հասարակական տրանսպորտում ծխելու և մարդկանց առողջությանը վնաս հասցնելու խնդրին:
Ակցիայի ընթացքում երեխաներն անցորդներին բաժանեցին թռուցիկներ և տեղեկատվական թերթիկներ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի և ծխելու վնասների վերաբերյալ:
Երեխաները հասարակությանը կոչ արեցին չծխել և թույլ չտալ վարորդներին և իրենց շրջապատի մարդկանց ծխել ու վտանգել իրենց առողջությունը: Ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել ծխելու հիմնախնդրի վրա:
Ակցիան նախաձեռնող երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում, որոնց նպատակն է երեխաներին հաղորդել համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ իրենց վերաբերող խնդիրներում իրենց մասնակցությունը խթանելու նպատակով:
Միացյալ ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2008թ. զեկույցում (A/63/41) նշված է, որ հաճախ երեխաների կարծիքներն անտեսվում են և հաշվի չեն առնվում: Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակետները կարևոր չեն, մինչ օրս էլ լայնորեն տարածված է Հարավային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերություն ու հուսահատություն, ինչի հետևանքով ունենում ենք պասիվ և մեկուսացված երիտասարդներ:
ՏՆՀԵՄ-ի շրջանակներում Երևանում և հինգ մարզերում (Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն և Գեղարքունիք) ստեղծվել է 80 ԵԵՀ խումբ՝ շուրջ 2000 երեխայի մասնակցությամբ: Եվս 2500 երեխա մասնակցել է ԵԵՀ խմբերի կազմակերպած միջոցառումներին: Ծրագիրը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Այս մասին հայտնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել