Մարտին դպրոցահասակ երեխաների շրջանում գրանցվել է Covid-19-ով վարակման 584 դեպք
Կորոնավիրուսի պատճառով Հանրապետությունում 29 դպրոց ժամանակավոր անցել է հեռավար կրթության (մարտի 26-ի դրությամբ)։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Դպրոցներից 8-ը մասնակի է անցել հեռավար կրթության իսկ 21-ն՝ ամբողջոթյամբ։ Մասամբ հեռավար կրթության անցած դպրոցներում կան ուսուցիչներ, որոնք հեռավար են անցկացնում դասերը, և կան դասարաններ, որոնք ամբողջությամբ մասնակցում են հեռավար դասերին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակային վիճակագրություն չի վարում կորոնավիրուսով վարակված ուսուցիչների և աշակերտների քանակի վերաբերյալ։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնից տեղեկացնում են, որ դպրոցներում սահմանափակումների նվազեցման, խստացման հանրակրթական համակարգի ամբողջությամբ հեռավար կրթության անցնելու կարգը որոշվում է Առողջապահության նախարարի հրամանագրով։ Այս պահին դեռևս ամբողջությամբ հեռավար կրթության անցնելու հրաման չկա։ Այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ զրույցում նշել էր նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նախարարը հայտնել էր, որ հեռավար կրթությունը ցանկալի տարբերակ չէ: Պետք է կանխարգելիչ միջոցառումները պահպանել, որ չանցնեն հեռավար կրթության։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի հրամանով՝ հաստատությունում, առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
Առողջապահության նախարարի խորհրդատու-մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ինչպես ավելի վաղ էր արձանագրվել երեխաները չեն համարվում կորոնավիրուսի շարժիչ, նրանք «մեծահասակների վարակման դեպքերի հետևում են», և վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով վարակման ընդհանուր թվերին համարժեք էլ ավելանում է վարակված երեխաների թիվը։
Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ այս տարվա հունվարին 6-17 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 դեպք, այն կազմվել է ընդհանուր վարակվածների թվի 2 տոկոսը, փետրվարին գրանցվել է 206 դեպք, կազմել է ընդհանուր թվի 4 տոկոսը, մարտ ամսին գրանցվել է 584 դեպք՝ վարակվածների ընդհանուր թվի 3 տոկոսը։
Մահացության դեպք երեխաների շրջանում չի գրանցվել։
Ըստ Սարգսյանի՝ համաշխարհային մոտեցումն այնպիսին է, որ հետևեն աճող թվերին և կրթական հաստատությունները փակեն միայն ամենավերջում, ծայրահեղ իրավիճակներում։ «Լավ չէ, որ երեխան դուրս մնա կրթությունից, երեխաներ կան պատրաստվում են բուհ ընդունվել, կարևոր շրջան է նրանց համար։ Մենք հետևում ենք երեխաների վարակման օրինաչափությանը, հետևում ենք այլ երկրների փորձին, նպատակն է հետևել, որ բալանսը պահպանվի»,- նշում է նախարարի խորհրդականը։ Ըստ նրա՝ դպրոցների փակումը երեխաների համար նոր սթրես կլինի, ուստի դեռևս կազմակերպում են դասապրոցեսն ըստ սահմանափակումներով անցկացման հրամանի՝ դիմակի կրում, 1 մ հեռավորության պահպանում։ Մանկաբույժը սակայն չի բացառում, որ հանրակրթական հաստատությունները կարող են դադարեցնել առկա ուսուցումը՝ պայմանավորված վարակման թվի կտրուկ աճով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել