HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ նախարարն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարում է` Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում: Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում այդպես էլ հստակ պատասխան չէր տվել, թե արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ: Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Գրիգորյանն ասել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

«Պետք է հիշեցնեմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից»,-հանձնաժողովի նիստում ասաց Արա Այվազյանը:

ԱԳ նախարարի խոսքով` հայ ժողովուրդը, որը 20-րդ դարասկզբին ցեղասպանություն է վերապրել, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը, հետևաբար Հայաստանը չի փնտրում թշնամիներ:

«Հայաստանի անկախացման առաջին օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, վերջին գործընթացը բոլորս լավ ենք հիշում Ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: Ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է, և մեր իսկապես ազնիվ, առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից»,-ասաց Այվազյանը:

Նախարարի համոզմամբ` Թուրքիայի կողմից նախորդ դարի հայատյացությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է տարածաշրջան, և չնայած բոլորն էլ լավ են գիտակցում, թե ինչ հնարավորություններ ու հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և հաշտությունը, սակայն դրանք չպետք է լոկ գեղեցիկ խոսքեր լինեն:

«Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- ասաց նա:

Արման Աբովյանը խնդրեց հստակեցնել` կա արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման որևէ բանակցություն կամ կոնսուլտացիա, նախարարն արձագանքեց.

«ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter