HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և հայ-հնդկական բարեկամական համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

«Կարող ենք գոհունակությամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատվում է էական աշխուժացում հայ-հնդկական հարաբերություններում: Բավական է հիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երևանի պետական համալսարանում, որին մասնակցում էր նաև Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտը: Սա նշանակալի իրադարձություն է մեր հարաբերություններում, որովհետև ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է և կարևոր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նա կարևորել է նաև Երևանում 2011 թ. հոկտեմբերին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի անցկացումը:

Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նա ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է գործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter