HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Բյուջեից 1.4 մլրդ դրամ կհատկացվի կովերի ու մյուս խոշոր եղջերավորների համարակալման համար 

44-օրյա պատերազմը հետաձգել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարությունը պատերազմից հետո կրկին զբաղվում է ծրագրով, որի համար պետական բյուջեից կծախսվի 1 մլրդ 439 հազար 974 դրամ։

Կառավարության 2020 թ.-ի հունիսի 11-ի որոշմամբ հաստատվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը (ԽԵԿ)։ Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով պայմանավորված՝ հոկտեմբերի 7-ին Կառավարությունը որոշեց անասնաբուժական սարքավորումների ձեռքբերման գործընթացը դադարացնել։ Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված գումարը վերադարձվեց պետական բյուջե։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ անհրաժեշտություն է առաջացել նախարարությանը գումար հատկացնելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ ներկայացնել։ Նախագիծը Կառավարություն կներկայացվի, որպեսզի խոշոր եղջերավորների համարակալման ծրագիրը լիարժեք իրականացվի։

Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում առկա խոշոր եղջերավոր կենդանիների թիվը 579 հազար 256 է, որից 256 հազարը՝ կով։ Ստորև ինֆոգրաֆիկայում ներկայացված է խոշոր եղջերավոր կենդանիների թվաքանակը՝ ըստ Հայաստանի մարզերի։

Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ մինչ օրս, բացառությամբ անասնաբուժական պարագաների գնումից, մյուս ծրագրերն իրականացրել են, այդ թվում՝ անասնաբույժների վերապատրաստումը։

Ուսումնասիրելով ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման ծրագիրը՝ պարզում ենք, որ ծրագրի ֆինանսական բաղադրիչը բուն համարակալման գործընթացն է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 2020-2023 թվականների համար կազմում է 1 միլիարդ 439 հազար 974 դրամ։ Ծրագրի մեկնարկային տարում՝ 2020 թ.-ին նախատեսված աշխատանքների համար պետք է ծախսվեր 750 միլիոն դրամ, որը, ինչպես նշեցինք, չի ծախսվել։

Ձեռք բերվելիք մեկ ականջապիտակի հաշվարկային արժեքը սահմանվել է 315 դրամ, դակիչինը՝ 8000 դրամ, գրանցամատյանինը՝ 3000 դրամ։ Որպես մեկ գլուխ ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման ծառայության ծախս ընդունվել է 300 դրամը։

2020 թ.-ին նախատեսված էր ականջապիտակներ փակցնել 800 հազար խոշոր եղջերավոր կենդանու ականջի, որի արժեքը պետք է կազմեր 750 միլիոն դրամ։ Այդ գումարի մեջ ներառված են դակիչի, գրանցամատյանի, ծառայությունների մատուցման արժեքները։

Ծրագրի մյուս տարիներին նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար պետք է ծախսվի 246 միլիոն 500 հազարական դրամ (յուրաքանչյուր տարվա համար` հավասարաչափ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter