HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Վեոլիա ջրի» աշխատակիցն ազատվել է աշխատանքից ռազմական դրության ժամանակ` Գյումրու 3-րդ ազդարարման տեղամասի պետ լինելու ընթացքում

Հրայր Խաչատրյանը 2010-2016 թթ․-ին աշխատել է «Հայջրմուղկոյուղի», ապա` «Վեոլիա ջուր» ընկերությունում որպես «Շիրակ» մասնաճյուղի առևտրային ծառայության պետ։ «Վեոլիա ջուր» ընկերության 2021թ․-ի մարտի 4-ի հրամանով Հրայր Խաչատրյանն ազատվել է աշխատանքից՝ 2020-ի դեկտեմբերի 16-23-ն աշխատանքի չներկայանալու հիմքով։ 

2020թ.-ի հունիսի 16-ին Հրայրի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վերջինս մի շարք վնասվածքներ է ստացել, կոտրվել են կողային ոսկորներն ու ոտքը։ Հունիսի 17-ից մինչև հուլիսի 10-ը Խաչատրյանը գտնվել է «Գյումրու Բժշկական կենտրոնում», այնուհետև՝ բուժումը շարունակել տանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերից կրկին աշխատանքի է հաճախել։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում` 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին, Գյումրի համայնքի ղեկավարի որոշմամբ Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումում նշանակվել է որպես 3-րդ ազդարարման տեղամասի պետ՝ մինչև ռազմական դրության ավարտը, զուգահեռ վերականգնողական կուրս է անցել։

Ինչի՞ց սկսվեց պատմությունը

Մինչև ազատման հրամանը ընկերության ղեկավարությունն իջեցրել է Հրայրի պաշտոնը։ Օգոստոսի վերջին նրան զանգահարել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանն ու խնդրել, որ իր դիմումի համաձայն տեղամասի առևտրային պետի պաշտոնից տեղափոխվի պետի օգնականի պաշտոնի՝ որպես պատճառ նշելով վերականգնողական բուժումը։ «Քանի որ երկար պիտի բացակայեի, ստորագրեցի, դարձա պետի օգնական, այլ տեղից մարդ բերեցին, նշանակեցին պետի պաշտոնում»,- ասում է Հրայրը։

Հրայրի խոսքով՝ ազատման հիմքում ոչ թե առողջական վիճակն էր, այլ պատերազմական գործողությունների ժամանակ կամավորների հավաքագրման աշխատանքներին մասնակցելը։ 

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման կողմից «Վեոլիա ջուր» ընկերության փաստաբանական խմբին տված տեղեկանքում նշված է, որ, 27․09․2020թ․-ի ՀՀ-ում ռազմական դրության պայմաններից ելնելով, Գյումրի համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումում Հրայր Խաչատրյանը նշանակվել է որպես 3-րդ ազդարարման տեղամասի պետ, մինչև ռազմական դրության ավարտը։ 

Շիրակի զինկոմիսարիատի տրամադրած տեղեկանքում նշված է նաև, որ Հրայր Խաչատրյանը զորակոչի չի կանչվել, ուստի զինվորական ծառայության հետ կապված որևէ կարգավիճակ ձեռք չի բերել, սակայն Գյումրու համայնքապետարանի որոշմամբ՝ նշանակվել է ազդարարման 3-րդ տեղամասի պետ՝ մինչև ռազմական դրության ավարտը։ 

Հիշեցնենք, որ ռազմական դրությունը չեղարկվել է 2021թ.-ի մարտի 24-ին։

Փաստաթղթում նշված է, որ ազդարարման տեղամասերը ռազմական դրության ժամանակ աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ առանց հանգստյան օրերի, և դրա դիմաց տվյալ անձը չի վարձատրվում։

Հրայր Խաչատրյանի խոսքով՝ զորահավաքի ընթացքում որպես ազդարարման տեղամասի պետ իր կատարած աշխատանքը չի խանգարել «Վեոլիա ջուր» ընկերության Շիրակի մասնաճյուղում ընթացող աշխատանքներին․ երկու պարտականությունները համատեղել է։

Նոր կորոնավիրուսի տարածումից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունում աշխատել են հեռավար կարգով և մասնաճյուղ են հաճախել որևէ կոնկրետ աշխատանք, օրինակ՝ փաստաթղթեր վերցնելու, ամփոփելու համար միայն։ Աշխատանքային տարիների ընթացքում չեն ունեցել որևէ փաստաթուղթ, որտեղ աշխատանքի ներկայանալու ժամերի վերաբերյալ գրառումներ են արել։

«Վեոլիա ջուր» ընկերության նախկին աշխատակիցն ինչպես իրենց տեղամասի, այնպես էլ գլխամասային գրասենյակի աշխատակիցներին բացատրագրեր և տեղեկանքներ է ներկայացրել բացակայության պատճառների վերաբերյալ։  

Դեկտեմբերին Հրայրը գրություն է ստացել ընկերությունից՝ նորից բացատրագիր տալ նույն ամսի 16-23-ը աշխատանքի չներկայանալու համար։ Այնուհետև, հունվարի 20-ին ստացել է աշխատանքից ազատման հրամանը, որտեղ նշված է՝ Հրայր Խաչատրյանի կողմից թույլ տված աշխատանքային կարգապահության խախտումը՝ 2020թ․-ի դեկտեմբերի 16-ից-23-ը, գտնվելով աշխատանքային հարաբերությունների մեջ, ամեն աշխատանքային օր առանց հարգելի պատճառի աշխատանքից բացակայելը հիմք է հանդիսացել աշխատանքից ազատման հրաման տալու համար։ Հրամանի հիմքում ընկերությունը վկայակոչել է նաև ՊՆ-ի զորահավաքային և զորակոչային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի գրությունը, համաձայն որի՝ Խաչատրյանը զինվորական ծառայության հետ կապված կարգավիճակ չի ստացել, չի նշանակվել նաև ԱԻՆ-ի պաշտոնյա և չի ունեցել Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման հիմք։

Համաձայն հրամանի՝ հունվարի 21-ի դրությամբ Հրայրը համարվել է աշխատանքից ազատված, հետագայում հրամանը փոխարինվել է նորով, որով աշխատանքից ազատման օր նշվել է մարտի 4-ը։

Փաստաբանի պարզաբանումը

Խաչատրյանի փաստաբան Սևակ Մարաբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Հրայր Խաչատրյանը սեպտեմբերից աշխատանքի հաճախել է, կան վկաներ, որոնք կհաստատեն, սակայն Խաչատրյանի աշխատանքային իրավունքները խախտվել են։ Փաստաբանը վկայակոչում է Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, որոնց համաձայն՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի) և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում: 

«Այս դեպքում Հրայր Խաչատրյանի վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ամբողջ ընթացքում դրվել են պարտականություններ։ Պատերազմի ավարտից հետո Հրայրի աշխատանքը որպես ազդարարման տեղամասի պետ չի ավարտվել, այն շարունակվել է մինչև ռազմական դրության ավարտը։ Բացի այդ, աշխատանքային պայմանագրի լուծման պահին Հրայր Խաչատրյանը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ»,- նշում է փաստաբանը: 

Փաստաբանի խոսքով՝ գործատուի կողմից հաշվի չի առնվել նաև Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը (Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը.  Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)` ...... 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում), որով պետական և հասարակական պարտականություններ կատարելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականություններ կատարելուց։

Հրայր Խաչատրյանը դիմել է դատարան իր աշխատանքային իրավունքները վերականգնելու համար։

«Հետքը» հարցում է ուղարկել «Վեոլիա ջուր»՝ խնդրելով նշել, թե որն է եղել Հրայր Խաչատրյանին աշխատանքից ազատելու պատճառը։ Ի պատասխան՝ ընկերությունը տեղեկացնում է, որ բացատրագիր է պահանջել Խաչատրյանից դեկտեմբերի 16-23-ը աշխատանքի չներկայանալու վերաբերյալ, Հրայր Խաչատրյանը բացատրագրի հետ մեկտեղ ներկայացրել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման տված տեղեկանքը։ Դրանից հետո ընկերությունը հարցում է ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրավասու էին պարզաբանում տալ գործընթացի վերաբերյալ։ Հարցումներ են ուղարկվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի Տարածքային ստորաբաժանում, Գյումրի համայնքի ղեկավարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն։

«Հայտնում ենք, որ նշված մարմիններից որևէ մեկի կողմից ընկերությունը չի ստացել պարզաբանում առ այն, թե ՀՀ օրենսդրության ինչ ակտով է սահմանվում աշխատողի իրավունքը՝ չկատարելու իր աշխատանքային պարտականությունները «ազդարարման տեղամասի պետ» նշանակված լինելու դեպքում։ Չի ներկայացվել նաև որևէ այլ տեղեկատվություն կամ օրենսդրական կարգավորում, որի ուժով պարոն Խաչատրյանի բացակայությունը հնարավոր կլինի հարգելի համարել»,- նշված է պատասխանում։ 

Ընկերությունը համարել է, որ Խաչատրյանի՝ աշխատանքից բացակայելը եղել է անհարգելի, ինչն էլ դրվել է աշխատանքից ազատման հիմքում։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Վեոլիայի խզբզանք հիշեցնող ձեռագիրն է դա։ Առանց պատճառի, առանց աշխատողի աշխատանքային իրավունքները պահելու ազատվել ոչ ցանկալի ու ոչ բարեկամ կամ ընկեր աշխատողներից ։ Պատասխան պիտի տան ՝ պաշտոնի չարաշահման համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter