«Նոր ժամանակներ». Իշխանությունը փորձում է Եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար
«Նոր ժամանակներ» կուսակցությունը տարածել է հայտարարություն երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ, որը ներկայացնում ենք ստորեւ.
Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տեղի ունեցող անթույլատրելի գործողությունները: Զորօրինակ, մայիսի 16-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Երրորդություն եկեղեցին ենթարկվում է աննախադեպ հարձակման «Եհովայի վկաներ» աղանդի մի խումբ անդամների կողմից: Ցանկանում ենք հիշեցնել, որ պատմությանը հայտնի է հատկապես առաքելական եկեղեցիների դեմ տարբեր օթյակների, աղանդների և տարաբնույթ այլ կազմակերպությունների պայքարի մասին, ինչը գլխավորապես նպատակաուղղվել է տվյալ ազգերի հոգևոր-մշակութային կյանքը խարխլելու համար:
Հատկապես սուր քննադատության ենթարկելով աղանդավորների հակաօրինական գործողությունները, հայկական ԶԼՄ-ները միաժամանակ տեսակետ են հայտնում, որ բազմաթիվ աղանդների բացահայտ ակտիվությունը հանրապետությունում նախ և առաջ արդյունք է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության անկման և նրա առանձին բարձրաստիճան սպասավորների անընդունելի վարքագծի: Մենք անթույլատրելի ենք համարում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նույնացումը նրա ցանկացած սպասավորի հետ, անկախ այդ սպասավորի աստիճանից:
Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը բացառապես արդյունք է նրա, որ այսօր իշխանությունը փորձում է Եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար, գրանցում ու թույլատրում է տարբեր կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը Հայաստանում, իսկ Եկեղեցին չի ներկայացնում սոցիալական, հոգևոր գործունեության հստակ ծրագիր և գրեթե դադարել է սոցիալական արդարության համար առաջին դրոշակակիրը լինելուց, ինչը սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում գտնվող ժողովրդի մոտ հուսալքության աստիճանը էլ ավելի է խորացնում:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության իրականացման շարունակականության ապահովման համար ՆԺԿ-ն հայտարարում է.
1. Յուրաքանչյուր ոտնձգություն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու և նրա գաղափարի դեմ դիտվել և դիտվում է որպես հակաազգային գործունեություն;
2. Դադարեցնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին իշխանության քաղաքական նպատակների օգտագործման որպես միջոց օգտագործելը:
3. Անմիջապես կասեցնել այն կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը, որոնք միտումնավոր խարխլում են պետության և Հայ Եկեղեցու հիմքերը: Վերանայել նման աղանդների պետական գրանցման գործող կարգը:
17 մայիսի 2011 թ.
«Նոր ժամանակներ» կուսակցության վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել