Տիգրան Սարգսյանը՝ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն, ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին ու զարգացման ծրագրերին: Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկել է ոլորտում առկա խնդիրները:
1995-ին հիմնադրված «Բեկոն պրոդուկտը» սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակավոր «Schieler» ընկերությունից ձեռք է բերել նոր հոսքագծեր: Ընկերության գործարանի նոր մասնաշենքը կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան: «Բեկոն պրոդուկտն» այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն՝ վերահսկվում է արտադրության ողջ գործընթացը:
Ընկերությունն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզորությունները և գործարանի թողունակությունը հնարավորություն են տալիս քառապատկել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր:
Կառավարության կայքի տեղեկացմամբ՝ «Բեկոն պրոդուկտը» ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հսկողությամբ իրականացվում է համատեղ արտադրություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել