HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը մի քանի անձնական ռեկորդ սահմանեց

Երեկ Իսլանդիայի ընտրանուն Երեւանում 2-0 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի հավաքականը անձնական նոր ռեկորդներ սահմանեց: Մեր թիմը Խոակին Կապառոսի գլխավորությամբ անպարտելի է անընդմեջ 7 խաղ, բացի դրանից՝ հաղթանակ է տարել վերջին 4 խաղերում. այս բոլոր հանդիպումները եղել են պաշտոնական: Եվս մեկ պատմական ցուցանիշ է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում 2 հաղթանակով մեկնարկը:

Քանի որ մինչ այս կայացած 3 հանդիպումներում մեր թիմը 1 անգամ 0-0 էր խաղացել իսլանդացիների հետ, 2 անգամ էլ 0-2 հաշվով զիջել էր, այսինքն՝ ոչ մի գոլ չէր խփել կղզեբնակներին, կարող ենք ասել, որ երեկվա խաղը նաեւ լավ ռեւանշ էր:

Ինչպես եւ Լիխտենշտայնի հետ արտագնա խաղում, Կապառոսն ընտրել էր 4-4-2 մարտավարությունը: Միակ փոփոխությունը պաշտպանության կենտրոնում Չալըշըրի փոխարեն Տարոն Ոսկանյանի եւ կիսապաշտպանության ձախ թեւում Բայրամյանի փոխարեն Հակոբ Հակոբյանի ներկայությունն էր: Սա գլխավոր մարզիչը բացատրեց ռոտացիայով, բայց ենթադրելի է, որ Կապառոսը նույն Բայրամյանի մասով, որը Վադուցում անընդհատ քայքայում էր մրցակցի նյարդերը, ինչ-որ բան էր պլանավորել երեւանյան խաղի երկրորդ կեսում, ինչն էլ ստացվեց:

Հանդիպումից առաջ Կապառոսը խոսել էր հավասարակշռված խաղի մասին, ինչը տեսանք տղաների կատարմամբ: Հաշվի առնելով մրցակցի կարգը՝ մերոնք նախեւառաջ ուշադրություն էին դարձնում թիկունքին, սակայն չէին մոռանում հակագրոհների կամ պատեհ առիթներին հեռվից հարվածներ կատարելու մասին: Իսլանդացիների՝ գնդակին տիրելու ցուցանիշը 57 % էր, բայց այդ պարագայում նրանք միայն 3 հարված են կատարել Յուրչենկոյի դարպասին, 5 անգամ գնդակը շեղ է ընթացել, 7 անգամ էլ հարվածի ճանապարհը փակել են մեր խաղացողները: Սա նշանակում է, որ թիմային պաշտպանությունը շատ լավ է գործել: Մերոնց ցուցանիշներն այսպիսին են. 6 հարված դարպասին, որոնցից 2-ն ավարտվել են գոլով, 3 շեղ հարված եւ 2 հարված, որոնք փակել են մրցակցի պաշտպանները:

Եթե իսլանդացիները կարգով գերազանցում էին մերոնց ու ինչպես միշտ շեշտը դնում էին բարձրից կատարած փոխանցումներով գրոհ սկսելու կամ եզրափակելու վրա, ապա մերոնք, խաղադաշտի մեծ մասում զիջելով երկրորդ հարկում, թիմային կուռ պաշտպանություն էին ցույց տալիս սեփական տուգանայինում՝ գրեթե ամբողջությամբ մրցակցին զրկելով ֆիզիկական տվյալներից բխող առավելությունից, այդ թվում՝ օդային պայքարում անկյունայինների կամ տուգանայինների իրացման ժամանակ: Միաժամանակ տեսանելի էր, որ Հայաստանի հավաքականը չի զիջում ուժային պայքարում, ինչը եւս իսլանդացիների հաղթաթղթերից է:

Ինչպես Վադուցում, այս անգամ էլ ակտիվ էր հարձակողական քառյակը՝ Բարսեղյան-Բայրամյան-Բալեկյան-Ադամյան: Առաջին խաղի համեմատ, այդուհանդերձ, նկատելի էր Սարգիսի հոգնածությունը, ինչի պատճառով նա մեկ-երկու լավ դրվագ փչացրեց մրցակցի դարպասի մոտ: Փոխարենը ամբողջ խաղի ընթացքում իսլանդացիներն այդպես էլ չկարողացան իրենց պաշտպանության ձախ եզրում չեզոքացնել Տիգրան Բարսեղյանին, որը 53-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումն ընդունելուց հետո մրցակցի երկու խաղացողների արանքով իր աջ եզրից գնդակը ձախ ոտքով վարպետորեն պտտեցրեց դեպի Հալդորսոնի դարպասի հեռավոր անկյունը: Հրաշալի գոլ ստացվեց դարպասաձողից անդրադարձով, ու դարպասապահի ցատկը չփրկեց հյուրերին: Բարսեղյանն ազգային թիմում խփեց իր 7-րդ գնդակը՝ հավասարվելով նախկին հարձակվող Արա Հակոբյանին:  

Չնայած ստացած առավելությանը՝ մերոնք սեփական դարպասին չսեղմվեցին, այլ, օգտվելով արդեն նյարդային խաղ ցույց տվող մրցակցի սխալներից, շարունակեցին հակագրոհները, որոնցից մեկն էլ 74-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո ձախ եզրից կատարած դիպուկ հարվածով տրամաբանական ավարտին հասցրեց Խորեն Բայրամյանը: Սա Խորիկի 2-րդ գոլն էր հավաքականում:

Առանձին հիշատակման է արժանի 19-ամյա նորեկ Ժիրայր Շաղոյանի նորամուտը ազգային թիմ: Ժիրոն մոտ 10 րոպե անցկացրեց դաշտում, բայց նման մակարդակի խաղում ցույց տվեց հասուն ֆուտբոլիստի սառնասրտություն՝ մի քանի դրվագում խաբքերով ձեռնունայն թողնելով իսլանդացիներին: 

Լիխտենշտայնից շատ ավելի ուժեղ մրցակցի դեմ պայքարում մեր թիմը գրագետ օգտագործեց իր գոլային հնարավորությունները՝ միաժամանակ կոլեկտիվ պաշտպանությամբ ամուր պահելով սեփական դարպասը, որն անառիկ է 3-րդ խաղն անընդմեջ:

Նման խաղն ու ցուցանիշները խթան են բարձր կարգ ունեցող մրցակիցների դեմ հետագա բարդ հանդիպումներում նույն ոգով ու մարզական չարությամբ շարունակելու համար: Պակաս կարեւոր չէ այն, որ մեր թիմը նման ֆուտբոլ է խաղում առանց առաջատարների՝ Մխիթարյանի ու Ղազարյանի:

Երեկ Հս. Մակեդոնիան առանց դժվարության սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Գերմանիան Բուխարեստում 1-0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու 10-րդ ընտրական խմբում երկրորդն է 6 միավորով: Նույնքան է վաստակել նաեւ աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան, որը պարզապես մեկ գնդակ ավելին է խփել, քան մերոնք: 3-ական միավոր ունեն Հս. Մակեդոնիան ու Ռումինիան, իսկ Իսլանդիան եւ Լիխտենշտայնը առանց միավորների եզրափակում են աղյուսակը:

Մարտի 31-ին՝ 20:00-ին, «Հանրապետականում» մերոնք ընդունելու են Ռումինիայի ընտրանուն, նույն օրը՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կկայանան նաեւ Լիխտենշտայն-Իսլանդիա եւ Գերմանիա-Հս. Մակեդոնիա հանդիպումները: 

Հանդիպման լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter