Դմիտրի Պեսկով. «Փաշինյանի հրաժարականի որոշումը չի պահանջում անհապաղ խոսակցություն Պուտինի հետ»
Ապրիլին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ որոշումը չի պահանջում անհապաղ խոսակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մարտի 29-ին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ երկու երկրների առաջնորդների շփումներն ունեն մշտական բնույթ։
«Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) կմնա ժամանակավոր պաշտոնակատար (Հայաստանի վարչապետի-խմբ. ), այդ իսկ պատճառով որոշումը չի պահանջում անհապաղ խոսակցություն»,- նշել է Պեսկովը։
Ըստ Կրեմլի խոսնակի՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները «վերջերս են շփվել»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս տարվա հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին։
Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է այս տարվա փետրվարի վերջին։ Փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս խուսափել ուժի կիրառումից։ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնից ազատել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Նա Գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։
«Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները գրեթե մեկ ամիս փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մարտի 18-ին Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո, հայտարարել էր, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Լուսանկարը՝ Sputnik/Alexei Druzhinin/Kremlin via REUTERS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել