HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը բաց նամակ է հղել Արարատ Միրզոյանին ՄԻՊ-ի ֆինանսական անկախության սահմանափակման առնչությամբ

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել:

Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: 

Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաև շնորհիվ անկախության:

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture - APT) գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես, նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: Ուստի, էական է, որ նման ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաև դրանք առավել հզորացվեն:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման:

Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները  և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter