
Իրինդ գյուղի Մոնթեն
Աստղիկ Ագոբյան
Ի պատիվ ամերիկահայ հայտնի գործիչ, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ընկերները նրան կոչում էին «Արսեն-Մոնթե»:
Արսենը ոչ միայն արտաքինով էր նրան նման, այլև հայրենասիրությամբ, ազդեցիկությամբ:
Ցավոք, երկուսն էլ նույն ողբերգական մահով գնացին: Մոնթեն սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից 1993-ին, Արսենը զոհվել է 2021 թվականի նոյեմբերի 9-ին ադրբեջանական բանակի ուղարկած թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի հարվածից:
«Վերջին հեռախոսազրույցին նրա վերջին բառերն էին՝ Արև, աղոթեք ինձ համար, խնդրում եմ։ Ես ոչինչ չասացի, նա գիտեր, որ մենք աղոթում էինք ամեն օր,-պատմում է Արսեն Պետրոսյանի կինը՝ Արևիկ Կիրակոսյանը:-Կարծում էի, որ իմ աղոթքը բավարար չէ: Խնդրում էի նրա վերադարձած ընկերներին, որ իրենք էլ աղոթեն: Ասացին, որ ամեն օր աղոթում են առաջնագծի բոլոր զինվորներ համար»:
Արսենը տնտեսագետի կրթություն ուներ և աշխատում էր շինարարության բնագավառում: Սեպտեմբերի 28-ին զորակոչվել է: Անմիջապես մեկնել է և կռվել Մատաղիսում, Ջաբրայիլում, Շուշիում, Մարտունիում, որտեղ էլ զոհվել է:
«Նոյեմբերի 9-ին, ինչպես միշտ, շատ անհանգիստ էի, չէի կարողանում քնել: Սոցցանցերով լուրերին էի հետևում. քաոսային իրավիճակի նոր ալիք էր բարձրացել, հողեր էին հանձնել, պատերազմը վերջացել էր: Ավելի անհանգիստ ու տագնապահար էի»,- հիշում է Արևիկը: Նա զանգահարում է ամուսնուն, բայց ոչ ոք չի պատասխանում, փորձում է կապ հաստատել մի այլ համարով, որով մի քանի օր առաջ զանգել էր ամուսինը:
«Զանգեցի զինծառայության մեջ գտնվող այդ երիտասարդ զինվորին, պատասխանեց, բայց շուտ անջատեց: Հաղորդագրություն ուղարկեցի՝ ինչպե՞ս ես, Արսենը ո՞նց է, լուր տվեք ինձ: Չէր կարող դիմանալ, հետ զանգեց: Ներկայացա, ասաց՝ գիտեմ՝ ով ես: Հարցրի, թե ու՞ր է Արսենը: Նախ լուռ էր, ապա ասաց՝ նա շատ հեռու է ինձանից և անջատեց,- պատմում է Արևիկը:- Սիրտս կանգ առավ, գիտեի, որ մի բան է պատահել»:
Արսենը զոհվել է հրադադարի օրը, 43 օրվա պայքարից հետո, ԱԹՍ-ի հարվածից, երբ մի փոքր խմբի հետ գնացել էր հաց բերելու: Մյուսները երիտասարդ զինվորներ են եղել՝ մի քանի ամիս առաջ ծառայության անցած:
«Արսենն իրավունք ուներ վերադառնալու, երեք անգամ հնարավորություն էր ունեցել: Անկեղծ ասած՝ ես ուզում էի: Բայց մնաց: Ինձ ասաց, որ այնտեղ պետք է լինի այդ 18-19 տարեկան երիտասարդ զինվորների համար: Ասաց, որ ուղղակի չի կարող նրանց այնտեղ մենակ թողնել ու գալ, նրանց մեղքը չէ, որ իրենց զինծառայությունը զուգադիպել է պատերազմին»,- պատմում է Արևիկը:
Նոյեմբերի 10-ին աճյունը հանձնել են ընտանիքին: Արսենը թաղված է հայրենի Իրինդ գյուղում (Արագածոտնի մարզ): Արևիկն ապրում է հաշմանդամ սկեսրոջ՝ Ալվարդի, 8-ամյա դստեր՝ Ալվարդի, որդու՝ 5-ամյա Էրիկի հետ: Ընտանիքը Կառավարությունից դրամական օգնություն է ստացել:
Կռիվն ու հոր մահը մեծ ազդեցություն են ունեցել երեխաների վրա:
«Պատերազմի ժամանակ ամեն ինչ պտտվում էր պատերազմի շուրջ: Աղջիկս լավ չէր, անընդհատ լաց էր լինում: Ասում էի՝ Ալվարդիկ, մի լացիր, ինչու՞ ես լաց լինում, ասում էր՝ հայրս էլ այնտեղ է, ինքն էլ կմեռնի: Ասում էի, որ էդպես չասի, նա զանգում է, խոսում ենք հեռախոսով, հետ կգա, եկողներ կան, պատերազմները վերջանում են»,- ասում է Արևիկը:
Էրիկը մեր այցելության ժամանակ շատ լարված էր մոր ու տատիկի պահվածքից: Անընդհատ կրկնում էր. «Ինչու՞ եք լաց լինում, հերիք է լաց լինեք, գիտենք, որ պապան զոհվել է, ձեր լացը մի բան կփոխի՞»:
«Մենք պետք ունենք՝ էդ հողերը մերը լինեն, քանի որ մենք շատ թանկ ենք վճարել դրա համար: Միշտ շատ թանկ ենք վճարել, մեր ամբողջ պատմության ընթացքում, դարերի ընթացքում մենք տեսել ենք, որ մեր ժողովուրդը զոհաբերվել է, որ գոյատևի: Մեր բոլոր սահմանները արյամբ են գծված» ,- ասում է Արևիկը:
Մեկնաբանել