Վլադիմիր Կարապետյան. ՀԱԿ-ը ԱԺ-ում կվիժեցնի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը
Ապրիլի 10-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը մասնակցեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներին, որոնք կազմակերպել էր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Քննարկման արդյունքներով անհրաժեշտ է արձանագրել, որ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս հանգամանքը կրկին հաստատվեց հենց արդարադատության նախարարության ներկայացուցչի ելույթից հետո, քանզի վերջինս չկարողացավ վկայակոչել Սահմանադրության որևէ դրույթ, որը թույլ է տալիս օգտագործել բանակը ներքաղաքական զարգացումներում: Այս պարագայում գործում է հետևյալ եզրը. եթե որևէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա գործում է Սահմանադրությունը, ոչ թե օրենքը»,- մասնավորապես ասաց Վ.Կարապետյանը:
Նա վստահություն հայտնեց, որ հաջողության հասնելով ԱԺ ընտրություններին և համագործակցելով խնդրով մտահոգ քաղաքական կուսակցությունների հետ՝ ՀԱԿ-ը ԱԺ-ում կապահովի այս ապօրինի նախաձեռնության վիժեցումը: Այս մասին հայտնում է թեկնածուի ընտրական շտաբը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել