ԱԱԾ․ ներկայացել է զոհված զինծառայողի հարազատների անունից և խարդախությամբ գումար հափշտակել
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պարզել է, որ Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է գումար ուղարկել իրեն՝ այդ կերպ խեղաթյուրելով իրական փաստերը և մոլորության մեջ գցելով գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1 մլն 399 հազար դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար և խաբեության եղանակով հափշտակել այն: Այս մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Յու. Մ-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել