
Այսօր՝ Հայաստան-Ռումինիա. մեր թիմը վիճակագրությունը շտկելու հնարավորություն ունի
Այսօր՝ 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հիշեցնենք, որ երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու 10-րդ ընտրական խմբում երկրորդն է 6 միավորով: Նույնքան է վաստակել նաեւ աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան, որը պարզապես մեկ գնդակ ավելին է խփել, քան մերոնք: 3-ական միավոր ունեն Հս. Մակեդոնիան ու Ռումինիան, իսկ Իսլանդիան եւ Լիխտենշտայնը առանց միավորների եզրափակում են աղյուսակը:
ՀՖՖ-ն հրապարակել է մեր ընտրանու հայտացուցակը: Դրանից դուրս են մնացել Գեւորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը եւ Արթուր Միրանյանը:
Նախկինում Ռումինիային հանդիպել ենք 5 անգամ, 4-ը՝ պաշտոնական մրցավեճերում, 1-ը՝ Կիպրոսի մրցաշարում: Առաջին հանդիպումը կայացել է ԱԱ-2006-ի ընտրական փուլում՝ 2004-ի նոյեմբերի 17-ին. Երեւանում գրանցվեց 1-1, մերոնցից գեղեցիկ գոլով աչքի ընկավ Կարեն Դոխոյանը: 2005-ի հունիսի 8-ին՝ պատասխան մրցավեճում, Կոնստանցայում դաշտի տերերը հաղթեցին 3-0: 2006-ի փետրվարի 28-ին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Նիկոսիայում ռումինները հաղթեցին 2-0: Եվս երկու խաղ տեղի ունեցավ ԱԱ-2018-ի ընտրական փուլում: 2016-ի հոկտեմբերի 8-ին մերոնք խայտառակ պարտություն կրեցին Երեւանում 0-5 հաշվով, իսկ 2017-ի սեպտեմբերի 1-ին Բուխարեստում դաշտի տերերը մեծ դժվարությամբ կարողացան հաղթել 1-0 հաշվով:
Հայ-ռումինական ֆուտբոլային հակամարտությունում 5 խաղից 4-ում հաղթել են բալկանցիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: Գնդակների տարբերությունը՝ 12-1՝ հօգուտ ռումինների:
Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը եւ Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրորդ պաշտոնյան Վիտալիս Սպասյոնիկովսն է։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կկայանան նաեւ 10-րդ ընտրական խմբի Լիխտենշտայն-Իսլանդիա եւ Գերմանիա-Հս. Մակեդոնիա հանդիպումները:
Մեկնաբանել