HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել

Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցրել է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս հոդվածով առավելագույն պատիժ է սահմանվում 6 տարի ժամկետով ազատազրկումը։

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ 2008-2018 թվականներին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ՊՊԾ ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ՝ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: ՀՔԾ-ն հայտնում է, որ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վաչագան Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9 մլն 340 հազար դրամ։

Թեև Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը դեռևս 2020 թվականի սեպտեմբեր ամսին վերականգնել է:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի» կետերից մեկով նախատեսվում է հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկումը։ Ղազարյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթուղթ։ Նա մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալիս դիրքորոշում է հայտնել, որ չի առարկում իր նկատմամբ համաներում կիրառելու դեմ, սակայն այս պայմաններում  Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը շարունակվում էր, և նա ուներ մեղադրյալի կարգավիճակ։

Պաշտպանական կողմը Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու դեմ բողոք էր ներկայացրել նաև դատարան: Պաշտպան Մհեր Հակոբյանը դատարանում պնդել է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում քննիչի պարտականությունն է անձի նկատմամբ հետապնդումը դադարեցնելը, և դա չկատարելով՝ ՀՔԾ քննիչն անգործություն է դրսևորել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, պաշտպանի բողոքը բավարարել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter