Օտարերկրացիները ձերբակալվել են գողություն կատարելու կասկածանքով
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին է եղել:
39-ամյա կինը հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, տուժած կնոջից ընդունեց հաղորդում: Ուսումնասիրվել է հանցագործության վայրը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 11.20-ի սահմաններում երկու տղամարդ, բժշկական դիմակներով և գլխարկներով, կասկածելի վարքագծով, մտնել են շենքի մուտք և մոտ կես ժամ անց դուրս գալիս տոպրակներով:
Պարզվել է, որ տղամարդիկ տեղի բնակիչ չեն: Կասկածներն ավելի հիմնավոր են դարձել, երբ պարզվել է, որ նույն անձինք նույն շենքի նույն մուտք մտել են նաև նախորդ օրը, ուսումնասիրել տարածքը:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ գողությունից հետո տղամարդիկ քայլել էին դեպի Բաղրամյան պողոտա, նստել պատահական տաքսի, ուղևորվել Նոր Նորքի երկրորդ զանգված: Այստեղ, ամենայն հավանականությամբ հետքը կորցնելու նպատակով, իջել և այլ տաքսի էին նստել ու մեկնել Ջրվեժ: Հաջողվել է պարզել նաև, որ տղամարդիկ բնակություն են հաստատել Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկում:
Մարտի 27-ի երեկոյան Արաբկիրի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ մեկնել են Ջրվեժ: Հյուրանոցային համալիրում, որտեղ ժամանակավոր բնակվել են, նրանք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
«Նրանցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է բնակարանից գողացված ոսկե շղթան: Տղամարդիկ ոչ միայն մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի, այլև, ընդհանրապես, ո՛չ Երևանի, ո՛չ էլ Հայաստանի բնակիչ չէին: Օտարերկրացիներ 32 և 44 տարեկան տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, Հայաստան էին եկել, ինչպես իրենք են ասում` «գաստրոլների»: Բացի իրեղեն ապացույց ոսկյա շղթան, խուզարկությամբ հայտնաբերվել է նաև այլ ոսկեղեն ու խոշոր գումար: Քննությամբ դեռ կպարզվի դրանց ձեռքբերման աղբյուրը, նաև` թե էլ ինչ հանցավոր արարքներ են գործել:
Կան տվյալներ, որ նրանք նախկինում արդեն իսկ դատապարտված եղել են:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել