«Հայացք». ի՞նչ արժի «Գելափին» ընտրությունների մոնիտորինգ պատվիրելը
Ընտրակաշառքի բազմազանությունը սպառած կամ չսպառած՝ ՀՀԿ-ն այժմ էլ նոր գործիքների է անցել: Այդ կուսակցության իրոք որ խելոքները նստել ու մտածել են՝ ինչպես անել, որ առաջիկայում ամեն միջոցով իրենց նկարելիք թվերը ճշմարտամոտ թվան: Ու գտել են ելքը: Սոցիոլոգիական դիտարկումներ ու հարցումներ են պատվիրել «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային սոցիոլոգիական ընկերությանը: Այն էլ ում միջոցով՝ «Արմենիա» հեռուստաընկերության:
Գաղտնիք չէ, որ անցած տարվա վերջին «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ անցան Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին: Հիմա էլ այդ նույն հեռուստաընկերությունը, արդեն խիստ հասկանալի է, թե ինչ մղումով, «Գելափին» սոցիոլոգիական մոնիտորինգ է պատվիրում:
«Դե դա նորմալ է»,- ասում են գելափցիները՝ հիշելով, որ էլի են եղել դեպքեր, երբ իրենց հարցումների պատվիրատուն հեռուստաընկերություն է եղել:
Գուցե եղել են, չենք բացառում: Չենք բացառում նաև, որ պատվիրատուներն էլ պատահական մարդիկ չեն եղել:
Թե որքան է «երկրի առաջին փեսայի» գրպանին նստել այս ընկերությանը սոցիոլոգիական «գեղանկարչություն» պատվիրելը, բնականաբար, չի նշվում. «կոմերցիոն գաղտնիք է»:
Հարց է ծագում՝ մեկը չկա՞ր ՀՀԿ-ին խորհուրդ տար, որ դա շատ էժան քայլ է:
Ի դեպ, օրերս էլ նույն «Գելափին» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «ղաչաղ» էր անվանել (չնայած մեկն էլ լինի՝ Ահարոնին ասի):
Ինչևէ, հարկ ենք համարում, սակայն, մի բան հիշեցնել. «Գելափն» այն նույն կազմակերպությունն էր, որը մի քանի ամիս առաջ, կրկին իր «խիստ օբյեկտիվ» դիտարկումները հիմք ընդունելով, հայտարարել էր, թե հայերն ամենաերջանիկ ժողովուրդներից մեկն են աշխարհում: Իսկ հիմա, երբ ասում են, թե նույն «Գելափն» ընտրությունների թափանցիկությունն է չափելու, դա, մեղմ ասած, քմծիծաղ է առաջացնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել