
Վարչապետ. «Պետբյուջեի եկամուտները 1-ին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով»
«Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: Առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա առանձին տվյալով էական աճ է արձանագրել»,-մինչ Կառավարության ապրիլի 1-ի նիստի օրակարգի քննարկումը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին խնդրեց մանրամասն տեղեկություն հաղորդել:
«Դիտարկվել են ինչպես մարտ ամսվա, այնպես էլ եռամսյակային տվյալները: Առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա մարտի համեմատ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով և հաշվարկային փաստաղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազարով, որի գումարային տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116.8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:
Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հարկային եկամուտների հավաքագրմանը՝ նշելով, որ սահմանված եռամսյակային համամասնությամբ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը 27.9 մլրդ դրամ է:
«Հաշվի առնելով, որ 332.9 մլրդ դրամի ներառված են նաև դրոշմանիշային մուտքերը, որոնք կազմել են 5.6 մլրդ դրամ, հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22.3 մլրդ դրամ»,- հավելեց ՊԵԿ նախագահը:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Հայկ Բրուտյանն էլ հայտնեց, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով:
«Առաջին եռամսյակի արդյունքներով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Կարծում եմ՝ բավական լավ ցուցանիշներ են ճգնաժամային տարվա համար»,- ասաց վարչապետը և շնորհակալություն հայտնեց բոլոր հարկ վճարողներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել