HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մեզ հայտնի և անհայտ «Կյանքի խոսքը»

Իսկապես` այն եկեղեցի՞ է, թե՞ աղանդ

«Կյանքի խոսք» կազմակերպությունը, հատկապես վերջին ժամանակներում առավել ընդգծված կերպով փորձում է ժխտել իր աղանդ լինելը և հանրությանը ներկայանալ իբրև ավետարանական եկեղեցի, ավելի որոշակի` Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցի: Աղանդի շատ հետևորդներ փորձում են իրենց զրուցակիցներին, ընդդիմախոսներին, ի վերջո` հասարակությանը համոզել ու մոլորեցնել, թե իրենց և քրիստոնեական եկեղեցու միջև տարբերություն չկա, իրենք էլ քրիստոնեության անշեղ հետևորդներն են: Այդպե՞ս է արդյոք...

Ինչպես արդեն նշել ենք, «աղանդ» բառը, ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի», նախևառաջ նշանակում է տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք, և երկրորդ` տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն: Կա նաև հետևյալ բացատրությունը` որևէ ուսմունքից շեղվող ուղղություն:

Նորություն չէ, որ հայ քրիստոնյաների մեծամասնության համար «տվյալ եկեղեցի» ասվածը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է` իր դարավոր և անուրանալի վաստակով:

Նեոխարիզմատ «Կյանքի խոսքը», «Հոգեգալստականները» և, ընդհանրապես, խարիզմատ ուղղվածության մյուս աղանդները, որոնք հանդես են գալիս իբրև քրիստոնեական եկեղեցի, մարդկանց ներկայանալու, նրանց հավատը, վստահությունը ձեռք բերելու համար ընդամենը արտաքին «շապիկն» են ներկայացնում: Նրանք ասում են, թե ընդունում են Նիկիայի (տիեզերաժողովի) հավատո հանգանակը, հավատում են Սուրբ Երրորդությանը:

Վերոնշյալ տիեզերաժողովին, ինչպես հայտնի է, մասնակցել են բոլոր քրիստոնյա եկեղեցիներն իբրև մեկ ընդհանրական եկեղեցի: «Կյանքի խոսքը» և խարիզմատ ուղղվածության մյուս աղանդները դրան չեն մասնակցել ու չեն ստորագրել նշված հանգանակը: Իհարկե, այսօր կարող են ասել, որ թեև չեն մասնակցել Նիկիայի տիեզերաժողովին, չեն ստորագրել հավատո հանգանակը, քանի որ այն ժամանակ դեռ չէին ստեղծվել, բայց ընդունում են այդ հանգանակը: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում` եթե ընդունում են Նիկիայի հավատո հանգանակը, ինչո՞ւ եկեղեցու մեջ չեն, ինչո՞ւ են իրենց գործունեությամբ հավատավորների հոտը բաժան-բաժան անում: Անժխտելի է, որ եկեղեցին իր բնույթով այնպիսի կառույց է, որ չի կարող ունենալ դուստր ձեռնարկություն: Անձը թե մարդկանց խումբը կամ եկեղեցու մեջ է, կամ եկեղեցուց դուրս է: Եվ եթե եկեղեցուց դուրս է կրոնական գործունեությամբ զբաղվող կառույցը, տվյալ եկեղեցու դավանանքից, ուսմունքից շեղված է, համարվում է աղանդ, դրանից թող որևէ մեկը չվիրավորվի:

Մի պահ ընդունենք, թե «Կյանքի խոսքը» և խարիզմատ ուղղվածության մյուս աղանդներն ընդունում են Նիկիայի հավատո հանգանակը: Սակայն այդ հանգանակի մեջ գրված է` մենք հավատում ենք մեկ մկրտության: «Կյանքի խոսքն» ունի երեք մկրտություն` ջրի, հոգու և, որքան տեղյակ ենք, նաև` կրակի: Ջրի մկրտությունն այն է, որ հավատացյալներին տանում, մի լողավազանում կամ գետում մկրտում են (իբր թե մկրտում են):

Հոգու մկրտության շնորհը համարվում է, այսպես ասած, լեզվախոսությունը. եթե աղանդի հետևորդն անհասկանալի լեզվով արագ-արագ խոսեց, այդ բլբլոցը մեկնաբանվում է, թե նա արդեն Սուրբ Հոգով մկրտված է: Կրակի մկրտությունը հատուկ տրվում է իրենց երեցներին, պաշտոնյաներին, այսինքն` ոչ բոլորին: Այդ մկրտությունը ենթադրում է քարոզչություն, իշխանություն հոտի նկատմամբ, և ամենակարևորը` լեզուների թարգմանություն: Ինչպես ակնհայտ է, մեկից ավելի մկրտության ընդունումը կամ կատարումն արդեն իսկ շեղում է Նիկիայի հավատո հանգանակից, դրա խախտում:

Ի դեպ, «Կյանքի խոսքը» առաքելահիմն չէ և չէր էլ կարող առաքելահիմն եկեղեցի լինել: Նիկիայի հավատո հանգանակն ասում է` մենք ընդունում ենք մեկ ընդհանրական Առաքելական Սուրբ եկեղեցին: Այդ դեպքում որտե՞ղ է մնում մեր եկեղեցու և «Կյանքի խոսքի» միությունը, ընդհանրությունը: Դրանք տարբեր կառույցներ են, առաջինը եկեղեցի է, իսկ երկրորդը, մեր համոզմամբ, կազմակերպություն:

«Կյանքի խոսքը», ըստ էության, կապ չունի նաև Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների հետ: Ճիշտ է, Կաթոլիկ եկեղեցուն հակադրվելով` առաջացել է բողոքական շարժումը (բողոքականությունը), նրանից ծնվել է Ավետարանական կառույցը, վերջինիս ծոցից էլ 20-րդ դարում առաջ են եկել նեոխարիզմատ կազմակերպությունները (դրանցից մեկն էլ «Կյանքի խոսքն» է, որի առաջնորդը` Ուլֆ Էկմանը, 1970-ական թթ. վռնդվել է Լյութերական «եկեղեցու» կողմից ու հիմնել «Կյանքի խոսքը»): Սակայն պետք է նկատի ունենալ, որ Ավետարանական կազմակերպությունը 200 տարվա մեջ բաժանվել է ավելի քան 5 հազար մասի` հարանվանությունների, որոնցից շատերը մեկը մյուսին հակասում են, որոշները հենց իրենք են մեկը մյուսին աղանդ անվանում:

«Կյանքի խոսքը» չի ընդունում նաև նվիրապետական կարգը, ինչը շատ կարևոր հանգամանք է: Ընդհանրապես, հոգևոր կյանքում շատ կարևոր հանգամանք է պատասխանատվությունը, ոչ միայն քարոզել կարողանալը, այլև պատասխանատվությունը: Մեկը կարող է աշխարհիկ լինելով, նույնիսկ որևէ մի հոգևորականից էլ շատ հավատք և ավելի ճարտար լեզու ունենալ, քարոզ անել, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա քարոզիչ է: Ինչո՞ւ... Որովհետև խնդիրը միայն քարոզ անելը, սիրուն բառեր ընտրելը, տրամաբանված խոսելը (ականջդ կանչի, Արթուր Սիմոնյան) կամ մարդկանց զգացմունքների վրա խաղալն ու նրանց տրամադրության վրա ազդելը չէ: Քարոզի նպատակը և իմաստը սա չէ, այլ մարդուն ճիշտ ճանապարհի, դեպի Աստված տանող ճանապարհի բերելը, իսկ դրա համար տվյալ քարոզիչն այդ մարդու համար պետք է պատասխանատու լինի:

Մարդն առանց պատասխանատվության չի կարող, հոգևոր ու բարոյական առումով իրավունք չունի հոգևոր քարոզչությամբ զբաղվելու, այսինքն` հենց այնպես. քարոզ էր` արեցինք, էլի, ինչ կլինի այդ մարդու հետ` կլինի: Եթե մարդը հոգևորականի քարոզի կամ խորհրդի, խրատի արդյունքում գնաց, մեղքի մեջ ընկավ, ապա տվյալ քարոզիչն է այդ ամբողջ ծանրության տակից դուրս գալու, ինքն է պատասխանատու դառնում նրա հոգու համար: Մինչդեռ աշխարհիկ քարոզչի սխալի դեպքում վերջինս դիմացինի հոգու համար պատասխանատու չէ, նա պատասխանատու է միայն իր սխալ քարոզի համար:

Այն, ինչ ձեռնադրությամբ տրվում է հոգևորականներին առաքելական հաջորդականության շնորհիվ, և՛ իշխանություն է, և՛ պատասխանատվություն: Եթե «Կյանքի խոսքը» կամ քրիստոնեական եկեղեցուց շեղված որևէ այլ աղանդ Ավետարանի տառից է կառչում, տառացիորեն հասկանում, ասում, թե Ավետարանից դուրս ոչ մի բան չի ընդունում, այդ թվում նաև` եկեղեցու ավանդույթը, սրբազան ավանդույթը, ապա ինչո՞ւ է «մոռանում», որ Ավետարանում «Սուրբ Երրորդություն» անվանումը կամ հասկացությունը բառացիորեն գրված չէ: Այսինքն` եթե առաջնորդվում են բացառապես Ավետարանով, ինչո՞ւ են ընդունում Սուրբ Երրորդությունը:

Ինչպես հայտնի է, Սուրբ Երրորդությունը գործնականում ձևավորվել է եկեղեցական սրբազան ավանդույթի մեջ, այսինքն` եթե ավանդույթը չեն ընդունում, չեն էլ կարող ընդունել Սուրբ Երրորդությունը, եթե ընդունում են Սուրբ Երրորդությունը, պետք է ընդունեն նաև սրբազան ավանդույթը, որն էապես աղանդների դեմ է, նրանց բոլորովին ձեռնտու չէ:

Վերոնշյալ ավանդույթի մեջ կարևոր գործոններ, բարեպաշտական սովորույթներ են եկեղեցում մոմավառությունը, խաչակնքելը, խաչ կրելը, սրբապատկերը, եկեղեցին իբրև շինություն, հոգևոր տաճար, եկեղեցի այցելելը, մատաղը: Ասում են` տաճարը` իբրև Աստծո տուն, մեզ պետք չէ, եկեղեցին ի՞նչ կապ ունի, մենք որտեղ ուզենք, Աստված մեզ կլսի: Սակայն եթե այդպես է, ինչո՞ւ են մի շինություն մերժելով` հսկայական ծախս կատարել և իրենց շինությունը սարքել, անունն էլ դեռ եկեղեցի դրել: Թող, ասենք, փողոցում հավաքվեին, աղոթեին: Սա էլ հերթական հակասությունը չէ՞... Չեն ընդունում նաև այնքան կարևոր մյուռոնը (մերժում են այն, չնայած և՛ Ավետարանում կա, և՛ աստվածաշնչյան տարր է), յոթ խորհուրդներից երեքը` կարգ հիվանդաց կամ վերջին օծում խորհուրդը, դրոշմը (մյուռոնով կնքումը) և ապաշխարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter